Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/221

Այս էջը հաստատված է

— Ով գիտի, երազումդ հենց միշտ Արզումանին ես տեսնում։

— Ի՞նչպես չեմ տեսնում։ Բայց տեսնում եմ թե չէ, էնպես ուրախանում եմ, որ էն սահաթը զարթնում եմ, էլ չենք կարում իրար հետ խոսել։

— Քու բանը շատ դժվար է, Հերիքնազ։

— Վրաս ծիծաղում ես, հա՞։

— Չէ՛, չեմ ծիծաղում, բայց Արզումանը քու նշանածդ չի, մի բանդ չի, նրա համար ինչի՞ ես քեզ տանջում։ Աղջկա ադաթն է, հազար տղի համար ասեն, մեկին կտան։ Հիմա նա որ չելավ, ուրիշին չպիտի ուզե՞ս։

— Մարիամ ջան, որ մի բան ասեմ, հո չե՞ս ծիծաղի վրաս։

— Ինչի՞ եմ ծիծաղում, ա՛սա։

— Գիտե՞ս ինչ կա. ես մարդ չեմ ուզում, ես սիրել եմ ուզում։ Սերը շատ քաղցր բան է, բայց մարդն ատելի։ Դու քու օրումը լավ մարդ տեսած կա՞ս, մեկը մեկէլից վատթար արարածներ են։ Ես որ տեսնում եմ Շամիրի կոպտությունը, դա որ իրեն շահ ու սուլթան է համարում, էնպես բարկանում է վրեդ, էնպես ծեծում, որ կասենաս դու նրա եսիրն ըլիս, իմ ջիգրն էնպես է գալիս, որ սկսում եմ ատել մարդկերանցն էլ, կնկդերանցն էլ։ Մարդկերանց էնդուր համար եմ ատում, որ էդպես կոպիտ արջեր են, մի անգամ դրանց երեսին ծիծաղ չես տեսնի, մի անգամ մի քաղցր խոսք չես լսի...

— Կնկդերանցն ինչի՞ ես ատում։

— Կնկդերանցն էնդուր եմ ատում, որ իրանք իրանց բանի տեղ չեն դնում։ Կասենաս իրանք էլ են ուրախանում, որ էդպես ծեծվում են ամեն օր։ Էն օրը չէ՞ր ասում Հոռոմը, թե էն մարդը ի՞նչ մարդ ա, որ կնկա գլխիըց մահակը պակսացնի։ Հիմի հախը չի՞, որ դրան օրը քսան անգամ ծեծե՞ն։ Ի՞նչպես չատի մարդ էնպես կնկանը, որ միշտ ծեծվել է ուզում․․․

— Հիմի դիփ էլ հո Հոռոմի պես չեն։ Շատերը չեն էլ ուզում ծեծվել, բայց ամենից շատ նրանք են ծեծվում։ Դեռ լսված չի, որ Հոռոմին իրա մարդը ծեծած ըլի, դրա համար է, որ դա էդպես մեծ-մեծ է բրթում։ Թող մի քանի անգամ թրխկացնեն դրա գլխին, եղանը գլխին կոտրատեն, ոտի տակ գցեն՝ թաղքի պես հարեն. էն ժամանակ էլ չի ասիլ էդ խոսքը։