Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Այս էջը հաստատված է

Հիմի ասելովդ ինձ էլ չպիտի սիրես, նրա համար, որ ուրիշ կնկգերանց պես ես էլ չեմ ձեն հանո՞ւմ։

— Չէ․ քեզ ի՞նչպես չսիրեմ, որ Շամիրը զոռով է, դու չես կարող նրան հաղթել։

— Մի՛ վախի. դիփունանց մարդիկն էլ Շամիրի պես զոռով են։ Բայց որ դու բոլոր մարդկերանցն ատում ես, Արզումանին ինչի՞ ես սիրում, նա էլ մեր մարդկերանցիցը չի՞, դեռ նրանցից էլ բեթար է։ Մեր մարդիկը մարդ չեն սպանում, բայց տեսա՞ր, նա մեկ օրումը երեք-չորս մարդ սպանեց։

— Արզումանը որ նրանց չսպաներ, նրանք պիտի սպանեին նրան։ Ճաղարանք քան զշուն շատ են, քան զգել առավել։ Նրանցից երեքը սատկեցին։ Տեղն էլի քսաներեքը կա, բայց նա իր մոր մինուճարն է։ Դրանք աղքատ կոխող որ կասեն, նրանցից են։ Ինչի՞ էին գնում կռիվ, նա հո զոռով չէր վարում նրանց տափը։ Ա՜խ, թե ես կլինեի Արզումանի տեղա՜կ, նրանցից մեկին էլ ա սաղ չէի թողնիլ։ Մենք քառասուն օրավար տափ ենք ունեցել, ինչի՞ են խլել մեր ձեռիցը։ Մեր տափերի շատ փայը հիմի Ճաղարանք են վարում։ Ինչի՞ խեղճացանք։ Մեր Շամիրն ինչի՞ պիտի ամեն օր սար ու քոլ ընկնի, ինչի՞ մեր տափերիցը մի քանի օրավար էլ նրա՛ն չեն տալիս, որ նա էլ վարուցանքով պարապի, իրա տանը նստի, էդպես սար ու ձորերում չմեծանա, որ արջ ա կտրվել, էլ հետը չի խոսվում, բայց որ մարդամեջ ա մտնում, չի կարում երկու խոսք խոսի, նրանք մարդավարի բաների վրա են խոսում, սա իրա ձորերիցն ա խաբար տալիս։ Էնդուր է ասում խեղճ Հոռոմն է՞, թե մարդամիջի մարդս ըլի, հարիր թուման պարտքս ըլի... Ա՛խ, թե ես մո՛ղրով կըլեի՜, ես եմ գիտում, թե փիս մարդկերանց հախիցն ի՛նչպես կգայի։ Բայց հիմի մի խեղճ աղջիկ եմ, ինձ ո՞վ մարդու տեղ կդնի։

— Ինչի՞ հենց հիմա էլ, ով ասես քեզանից վախենում է։ Էն օրը Շամիրն ինձ ուզում էր ծեծի, բայց դու որ աչքերդ վրեն չռեցիր, նա քու ահու դուրս գնաց տանիցը։

— Ես մտքումս շատ բան եմ դրել, դու համբերի։ Ճաղարանց հախիցը ես պիտի գամ, դրանց քոքը ես պիտի կտրեմ։ Թաթոսին պիտի թողնեմ մենակ, որ իրա աչքովը տեսնի, թե