Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/224

Այս էջը հաստատված է

մեկմեկու տեղ իմանում եք, ապա իմացիր, հիմի որտեղ կըլի Արզումանը.

— Դու ծիծաղում ես ինձ վրա, ես գիտեմ...

— Չեմ ծիծաղում, քո ազիզ արևը, ես հավատում եմ քու խոսքին։ Ես հիմի նրա համար եմ հարցնում քեզ, որ իմ սիրտն ասում է՝ հիմի որտեղ որ է, Արզումանը կգա, դու ինչպե՞ս ես կարծում։

— Երանի քեզ, որ էդպես լավ բան ես մտածում։ Ո՛վ գիտե նա հիմա որտեղ է, կամ ողջ առո՞ղջ է. ինչպե՞ս էլավ, որ էդ կռվումը նա անվնաս դուրս եկավ, կամ կուռը չկոտրվեց, կամ գլուխը չպատռեցին, անկարելի է, որ մի բան պատահած չլինի։ Ինչ էլ որ լինի, դժար թե նա հիմի սիրտ անի գա։

— Խեղճ աղջիկ, ինչի՞ ես հուսահատվել։ Արզումանն էն պտուղը չի, որ էդպես շուտ կորչի։ Թե որ քու մտքով նա էդքան վախկոտ է, էլ ինչի՞ ես սիրում նրան։

— Չէ՛, նա վախկոտ չի, բայց ո՛վ գիտի։ Ճաղարանց տղերքը մի-մի թվանք առած նրա բուսունն են պահում, նա ինչպե՞ս պիտի գեղը մտնի։

— Մի՛ վախենար, Ճաղարանց տղերքը գեղիցն են էդպես հարբով դուս գալիս, որ խալխին հավատացնեն, թե իրանք շատ ղոչաղ են, բայց մի քիչ հեռանում են թե չէ, շուտ-շուտ դես ու դեն են մտիկ տալիս, որ իրանք չսպանվեն մի բաշ։ Քնի՛, քնի՛, շատ մի փիքր անի։ Էրազումդ կտեսնես Արզումանին, նա քեզ կասի հիմի ո՛րտեղ է։

— Բաս ասում էիր՝ հիմի կգա որտեղ որ է՞։

— Ես ի՞նչ գիտեմ, բալքի չեկա՞վ,— ասաց Մարիամը և բարձրաձայն հորանջեց։ Այս հորանջումը ազդելով Հերիքնազի վրա, նա էլ իր բերանը բաց արավ և օդի առատ հոսանք ներս քաշեց։ Քնի հրեշտակը մոտեցավ վերջապես և իր թևերի տակն առավ հյուրի փարիներին։


ԺԱ

Մարիամն ու Հերիքնազը քաղցր քնի մեջ էին, երբ որ մոտեցավ նրանց Արզումանը։ Լուռ ու մունջ նստեց անկողնակալի մոտ և չղիմիշեց նրանց զարթացնել։ «Մի քիչ կնստեմ