Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/228

Այս էջը հաստատված է

Արզումանը լսելով Հերիքնազի այս դյուցազնական խոսքերը, չիմացավ ի՞նչ պատասխան տա, ինչպես շնորհակալ լինի նրանից։ Մինչև այսօր նա սիրում էր Հերիքնազին, որովհետև Հերիքնազը մի հատիկ էր այդ գյուղումը իր գեղեցկությամբ, իր արիությամբ։ Այն աղջկերանցից էր Հերիքնազը, որին սովորաբար ղըզօղլան անուն են տալիս գեղըցիք։ Կանացի քնքշության և գեղեցկության հետ նա ուներ և այրականություն, որ հարկավոր դեպքերում գործ էր դնում և զարմացնում կտրիճներին։ Երբ որ նա լինում էր մի խումբ աղջկերանց մեջ իրանց սովորական խաղերի ժամանակ, ոչ մի տղա նրա ահուց չէր համարձակվի նրանց մոտենալ։ Երբ որ նա ձի էր նստում սար կամ ուխտ գնալիս, շատ անգամ տղի գդակ էր դնում գլխին և վարժ հեծնողի պես ձին խաղացնում և զարմացնում ամենքին։ Բոլոր նշնվելու տղերքը նրա աչքում ճանճեր էին թվում. նա ինքզինքը Արաբի-Զանգի էր համարում և Շահ-Իսմայիլ էր փնտրում։ Արզումանն էր միայն նրան գրավում, միայն նրանից էր ամաչում և նրա սերն էր ուզում գրավել։ Ահա այս հատկությանց համար Արզումանը նրան սիրում էր, բայց չէր կարծում, որ նրա մեջ կհանդիպի և սիրո, նրա մեջ կգտնի խելք, դատողություն։ Եվ ճշմարիտն ասել՝ Հերիքնազը մինչև հիմա կարծես թե չուներ էլ այդ հատկությունքը։ Այդ կայծերը նրա սրտի և ուղեղի մեջ թաք էին կացել մինչև այսօր և բարեպատեհ հանգամանքի էին սպասում արտափայլելու։ Հերիքնազը սիրել էր մտածել, մտածում էր իր վրա, իր ապագայի վրա, իր սիրած մարդոց վրա, շրջապատ հանգամանքների վրա և որովհետև դրանց մեծ մասի վրա չուներ ոչ մի կանխակալ կարծիք, չուներ նախապաշարյալ խրատատու, այդ պատճառով իր պարզ և բնական դատողությամբ միշտ կամ համարյա միշտ անսխալ եզրակացության էր գալիս և համոզվում իր կարծյաց մեջ։ Արզումանը, որ ի բնե մարդու հոգու մեջ թափանցել գիտեր, և իր շրջակա մարդկերանցը անխելահաս արարածներ էր համարում, որ փնտրում էր այնպիսի մարդիկ, որ ավելի ազնիվ, ավելի վսեմ բաների վրա խոսեին, այժմ տեսնելով Հերիքնազի մեջ այդ հերոսական վճռականությունը, սկսեց փոխել իր կարծիքը ինչ որ ուներ Հերիքնազի վրա և նրան նայել ոչ միայն որպես սիրականի,