Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/229

Այս էջը հաստատված է

այլև որպես հավատարիմ ընկերուհու և իմաստուն բարեկամուհու վրա։ Այս կարծրասիրտ երիտասարդի հոգին կարծես տեղըհան էլավ և նրա աչքերը, որ միայն իր եղբարց մահվան ժամանակն էին թաց էլել, այժմ նորեն սկսան աղբյուրանալ։ Բռնեց Հերիքնազի երկու ձեռքը և դրավ իր շրթունքներին ու ասաց․

— Հերիքնազ, Հերիքնազ, իմ աննման Հերիքնազ, քու էդ խոսքերը կենդանացրին իմ օխտն ախպորցը։ Հենց իմանում եմ, թե հիմի օխտն էլ կշտիս կանգնել, ինձ մխիթարում, ինձ սիրտ են տալիս, թե՝ մի՛ վախենալ, քամակիդ կանգնած ենք։ Իմ սիրուն, իմ աննմա՛ն Հերիքնազ, երբ որ ձեր օջախն ու մեր օջախը վառ էին, մեր տներին էսպես փորձանքներ չէին գալիս։ Գեղի մեջ մենակ լինելը աշխարհքիս ամեն անբախտություններիցը վատն է։ Էսպես չէր լինի, եթե մեր մեջ արդար օրենք, արդար դատաստան ըլներ։ Բայց վնաս չունի, ես այսուհետև մենակ չեմ, դու իմ օգնականն ես, դու իմ մխիթարողն ես։ Մինչև հիմի դու իմ նշանացուն էիր, այսուհետև երկու բանով էլ ավելի ես՝ համ քուրս ես, համ ախպերս․․․

Հերիքնազը փաթաթվեց Արզումանի շլնքովը ու սկսավ նրան մխիթարել։ «Մի՛ վախենալ, աստված ողորմած է», միայն կարողացավ ասել Հերիքնազը և Արզումանի ճակատից համբուրեց։ Նոքա երկոքյան լռեցին և այս լռության մեջ երջանիկ էին։


ԺԲ

Վերջապես Մարիամը դուրս եկավ և Արզումանին ներս հրավիրեց հացի։

— Դե, դու է՛լ վեր կաց, Հերիքնա՛զ ջան,— ասաց Արզումանը և ինքը ներս գնաց։ Հերիքնազը երկար սպասել չտվավ, իսկույն հագավ շորերը և գնաց Արզումանի մոտ, նստեց նրա վրա թիկն տվածի պես։

Ասում են մթնի մեջ ավելի վառ է լինում մարդու երևակայությունը, քան թե լուսի. գիշերը ավելի, քան թե ցերեկը։ Բայց արի ասենք. այս երևույթը եթե ճշմարիտ էլ է, մեզ նման մաշված ու մեռած մարդոց համար է։ Անարատ հոգոց մեջ