Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Այս էջը հաստատված է

երևակայությունը միապես վառ է, թե ցերեկ լինի, թե գիշեր, թե լույս լինի, թե մութը։ Բայց թողնենք այս փիլիսոփայությունը...

Արզումանը սաստիկ քաղցած էր և առավոտյան էր կերել մի կտոր թուրքի սաջահաց, բայց Հերիքնազին տեսավ թե չէ, ստամոքսն իր պահանջից ետ կացավ։

— Զարմանալի՛ բան է. ես ամենևին իշտահ չունիմ,— ասաց նա,— բայց միտս է, որ էսօր սիրտս թրթռում էր սաստիկ քաղցածութենիցս։

Մարիամը գիտեր, որ ուրախությունը իշտահ փակել գիտե, բայց ախորժակ բանալու հնարքը նույնպես գիտեր։ Մի քյոռօղլու բաժակ արաղով լցրեց տվավ Արզումանին, ասելով՝ «Իմ ու Հերիքնազի կենացը մի ստաքանով պիտի դարդկես»։ Արզումանը ոչ օղի և ոչ գինի խմելու սովորություն չուներ, բայց այդ խոսքի համար թույն էլ որ լիներ, կխմեր։ Մի չաղ հավ էր եփել Մարիամը և մի քանի ձու խաշել։ Լավ ախորժակով կերավ Արզումանը. բայց հիմի էլ կշտանալու զգացմունքն անհայտացավ։ Մարիամը տեսավ, որ Արզումանի ծամելիքները դադար առնելու մտադրություն չունին, վեր կացավ մի մեծ աման սալ-սալ մածնով լցրեց դրավ առջևը։ Այս էլ սրբեց մեր հերոսը, և հետո ասավ՝ չանես բեզարեց, էլ ոչինչ չեմ ուզում։ Ութ օր կա, ինչ որ էսպես իշտահալի հաց չեմ կերել։ Այս միջոցին աքաղաղը կանչեց։

— Ա՛յ զահրըմա՜ր․․․— ասաց Արզումանը համարյա աքաղաղի չափ բարձր ձայնով։— Էրնակ մութն ընկներ աշխարհքի վրա, էլ մեկ սաղ տարի չլուսանար։ Էս ի՞նչ է, էս սահաթս մթնեց, հիմի ուզում է լուսանա՞։

— Կուզե՞ս, մի սաղ տարի քեզ մի էնպես մութը տեղ գցեմ, որ սատանեն էլ չգտնի,— ասաց Հերիքնազը։

— Որտե՞ղ կգցես։

— Մեր մեծ տան ներսի օթախը։ Օխտը տարի կըլի էդ օթախը մարդ ոտք չի դրել։ Կուզե՞ս, արի գնանք տե՛ս։

Արզումանի հետաքրքրությունը շարժեցավ և իսկույն վեր կացավ տեղիցը, որ առանց ժամանակ կորցնելու տեսնի՝ ի՛նչ օթախ է այդ։ Արզումանը լսել էր սրանց մեծ տան համբավը,