Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Այս էջը հաստատված է

բայց ինքը չէր տեսել։ Մի անվառ ճրագ ու լուցկի վեր առան և մեծ տունը մտնելով ճրագ վառեցին։ Դիմացի պատերը Արզումանի աչքումը չերևացին և կարծեց թե տան մեջ չի։

— Ա՛խչի, էս ո՞ւր բերիր ինձ,— հարցրեց Հերիքնազին։

— Ա՛ռաջ արի, մի՛ վախենալ,— ասաց Հերիքնազը։

Արզումանը մի քանի քայլ առաջ գնալով ճրագը բարձրացրեց և սկսավ իր չորս կողմը նայել։ Ահագին մեծության, կոնաձև մի շինություն էր այս տունը և վերև նայողին թվում էր, թե ուր որ է, պիտի փլի վրան։ Ութ սարսափելի հաստության սյուների վրա էին դարսված առաստաղի հաստ ու երկար գերանները, որոնք արդեն կիսով չափ փտել էին և մոտ էին կործանվելու։ Այդ իսկ պատճառով ոչինչ բանի համար գործ չէին դնում այս տունը, բայց չէին էլ ուզում քանդել այդ հայրենավանդ հարկը, որ միշտ միտները գցի իրանց նախնյաց մեծությունը։

Հերիքնազը առաջնորդեց Արզումանին դեպի իր ասած սենյակը, որ թեև ներսի օթախ անունն էր կրում, բայց կրիաձև, կորաքամակ մի մեծ շինություն էր, բավականին երկար և ընդարձակ։

— Ահա՛ քեզ տուն,— ասաց Հերիքնազը։— Ժամանակով մեր հարսները էստեղ են էլել կենալիս. մի տարի էլ դու հարսնություն արա։ Իստակ կավլեմ, լավ կսրբեմ, կշինեմ քեզ համար, ամեն օր հացդ ջուրդ կբերեմ, շատ վախտ էլ մորդ կկանչեմ, կգա էստեղ քեզ կտեսնի, մինչև կտեսնենք բանն ինչպես է ուզում վերջանա։ Հը, ի՞նչ կասես։

— Չէ՛, Հերիքնազ ջան, դու մի՛ վախիլ, ես առանց էստեղ մնալու էլ քեզ շուտ-շուտ կտեսնեմ, էլ ի՞նչ հարկավոր է, որ ինքս ինձ բանտի մեջ գցեմ։ Բայց էստեղ մի բան միտս ընկավ։ Մի ժամանակ նորապսակներին բերում էին էստեղ համբուրելու, ո՞ւր է էն օջախը։

— Էս մեծ տան օջախն է, արի տանեմ նշանց տամ։

Երբ որ գնացին օջախի մոտ, որ մեծ տան կենտրոնումն էր, Արզումանն ասաց.

— Հերիքնազ, դու հո հավատում ես, որ էս օջախը զորավոր է։

— Էդ ի՞նչ խոսք է։ Մեռնիմ սրա ողորմութենին։ Ես ամեն