Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Այս էջը հաստատված է

կիրակշտեքի, ահա տեսնում ես, էս քարի վրա մոմ եմ վառում։ Երբ որ իմ հորն ու մորը տեսնում եմ էրազումս, իմ հերը էստեղ է ըլում նստած, իմ մերն էլ էստեղ, իրարու դիմաց։ Նրանք սաղ վախտն էլ միշտ էդտեղ էին նստում։ Երբ որ իմ հերը տանը չէր ըլում, ոչով չէր կարող նրա տեղը նստել. բազի վախտ էրեխեքը թե կնստեին, էդ էր, թե չէ ուրիշ մարդ չէր կարող։ Հարսներն էլ երբ որ բան չէին ունենում, ներսի օթախումն էին նստում. հացի վախտն էլ կգային էսպես շարքով կկանգնեին։

— Զարմացք բան է, ինչպե՛ս էլավ, որ էս շեն օջախը էդպես մի բաշ հանգավ։

— Բա դու որտեղացի՞ ես, իսկի չես իմացե՞լ։

— Ո՞նց չեմ իմացել։ Իմացել եմ, որ խոլերի տարին ձեր տանիցը շատ մեռնող է էլել, իմացել եմ, որ խոլերից հետո տավարի ազարն եկավ, ինչպես չեմ իմացել, դիփ էլ գիտեմ, ես էս եմ ասում, թե... մախլասի, աստըծու փառքը շատ ըլի, ինքը տալիս է, ինքն առնում...

— Շատ անգամ, երբ որ մորս տեսնում եմ էստեղ նստած, ես իմանում եմ, թե նա սաղ է, մեռած չի, գլուխս դնում եմ մորս գոգումը, նա էլ ձեռքն է քսում գլխիս, երեսիցս պաչում, բայց իսկի բան չի ասում, բան չի խոսում. ինչքան մտքումս դնում եմ, թե մի անգամ էլ որ երազիս մեջ տեսնեմ, հարցնեմ, ասեմ «նանի ջան, ինչի՞ չես խոսում», հենց ուրախանում եմ ու գնում կշտին նստում։ Բայց էն գիշերը, որ դու եկար մեր տուն, էն գիշերը տեսա էլի մորս, շատ տխուր, վրես բարկացածի պես էր երևում։

— Հետո ի՞նչ մտածեցիր, ինչի՞ պետք է էդպես բարկացածի պես ըլներ։

— Ով գիտի, կարելի է թե նրա համար ըլներ, որ ես...

— Որ դու նշանված չես, ու ինձ սիրում ես, էդ չե՞ս ուզում ասել։

— Հա։

— Հերիքնա՛զ ջան, գիտե՞ս ինչ կա։ Ես ուզում էի օրինավոր նշանտվեք անեմ, բայց բանն էսպես եկավ։ Ես ինձ մոտ մի խաչ մանեթ ունեմ։ Էսօր խանջալի ծերով ծակեցի ղաստի քեզ համար, որ շլնքիդ կապես։