Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/233

Այս էջը հաստատված է

Այս ասելով Արզումանը հանեց քիսիցը մի խաչ մանեթ։

— Ահա՛ քեզ նշան։ Թե որ կուզես, դու էլ քու մատնիքներիցդ մինն ինձ տուր։ Արի՛, իմ հոգի, չոքենք էս օջախի ղրաղին, սրա քարիցը համբուրենք, թո՛ղ քու հերն ու մերը տեսնեն, մեր նշանն օրհնեն։

Հերիքնազը հնազանդվեց։ Արզումանի ձեռքից առավ խաչ մանեթը, իր մատից մի մատանի հանեց, տվավ Արզումանին։ Չոքեցին, համբուրեցին օջախի քարիցը, և հետո իրանք համբուրվեցին։ Որքա՜ն սեր, որքա՜ն սրբություն կար այդ համբույրի մեջ...

Մարիամը տեսավ, որ ջահիլներն ուշանում են, շուտով գնաց նրանց հետքից, և մեծ տան մութը անկյունում կանգնած՝ ականատես վկա էր այդ բոլոր անցքին։ Նա ձայն չէր հանում և չէր ուզում խանգարել նրանց արարողությունը, որ ի սուրբ սրտանց էր։ Երբ որ իրար համբուրեցին, հետո չոքեցին օջախի քարից համբուրեցին, նա այդ ժամանակ միայն մոտեցավ և ասաց.

— Ուխտներդ ընդունելի ըլի, աստված մուրազներիդ հասցնի։

— Ամեն, ամեն,— ասացին միաձայն Հերիքնազն ու Արզումանը այնպիսի եղանակով, որից հասկացվում էր, թե սոքա ավելի նշանավոր ուխտ ունեին, քան թե քարերից համբուրելն էր։

Այդ միջոցին աքաղաղը երրորդ անդամ կանչեց և մեր փախած Պետրոսին իմաց տվավ, որ ժամանակ է ապաշխարելու երթալ։