Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Այս էջը հաստատված է

ծաղիկ պոկելիս, ամեն մի խոտի դիպչելիս խղճահարվում էր, թե մեղք չե՞ն այս ծաղիկները, որ այսպես անգթությամբ կտրում, հեռացնում ենք իրանց արմատից. սրանք էլ հոգի ունեն, սրանք էլ մուրազը փորներումն են թողում։ Արդյոք սերն էր նրան այս աստիճան քնքշացրել։ Որ ծաղիկը որ ավելի դալար, ավելի պայծառ էր լինում, նրանց չէր ղըմըշում ձեռ տալ, աշխատում էր այնպես քայլել, ոտներն այնպես փոխել, որ ոչ մի խոտ չճխլի, չթառամեցնի։ Այս մտքի հետ ընկած՝ ի՛նչ ասես երևակայում էր Հերիքնազը։ Մի ծաղիկ նրան թվում էր որպես նորահարս, մյուսը որպես նորափեսա, մեկը նորահարս, մյուսը դեռ մանուկ, մեկին պաչպչում էր, մեկէլի կշտին նստում, նայում էր, զմայլում, հիանում էր նրանց ձևերի կանոնավորության և համաչափության վրա և այնպիսի բաներ և հատկություններ էր նշմարում, որ մինչև այսօր իր աչքին չէին զարնվել, իր ուշադրությունը չէին գրավել։ Մինչև այսօր նրանք անշունչ բաներ էին, որոնց պոկել և հոտ առնել կարելի էր միայն, առանց զննելու. բայց հիմի բոլորն էլ շունչ, բոլորն էլ հոգի առած իրա հետ խոսում էին։ Այնպես էր թվում Հերիքնազին, որ այս ծաղիկները իրան լավ ճանաչում են, գիտեն նորա անցյալը, ներկան ու ապագան, միայն լեզու չունին, որ հայտնեն իրան, մխիթարեն նրա տխրած սիրտը։ Մյուս աղջկեքը ուրախ ու զվարթ երգելով, իրարու տակ ու գլուխ ընկնելով, գլորվելով վազվզում էին մեկ թուփից մյուս թուփը, մեկ ծաղկից դեպի մյուսը, ասում էին՝ «տեսնե՛նք ո՛վ շուտ կհասնի էն բարձր աղնթափի ծաղկին, ո՛վ շատ կքաղի, ո՛վ ավելի շատ գույն ծաղիկներ կունենա.» և այսպես վազվզելով բավականին հեռանում էին, իսկ Հերիքնազը չէր մասնակցում նրանց զվարճությանը, չէր վազում նրանց հետ, նա կարծես գիտությամբ ետ էր մնում, որ մենակ մնա և շատ էր սիրում այդ մենակությունը։ Մյուս աղջկեքը հասել էին սարի գագաթը, բայց ինքը դեռ նրա ստորոտումն էր և չէր էլ ուզում նրանց հետևից հասնել, որ չզրկվի իր քաղցր ցնորքներից։

Արդեն հինգ ամիս էր անցել, ինչ որ Արզումանին չէր տեսել, նրանից ոչ մի համբավ չուներ։ Այդ հինգ ամիսը հինգ տարուց ավելի էր թվում Հերիքնազին։ Հինգ ամսվա մեջ բավական կերպարանափոխվել էր Հերիքնազը։ Նրա աչքերը, որ