Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Այս էջը հաստատված է

առաջ էլ հայկուհու աչքեր էին՝ թուխ-թուխ, խոշոր ու վառվռուն, բայց մի տեսակ ապշություն ունեին, որ բնական է անկիրթներին, այժմ այդ աչքերի փայլն ու հայեցողությունը մի նոր կերպարանք, մի նոր զորություն էին ստացել, որով թափանցում էր նա դիտելի առարկայի մեջ, թափանցում էր մարդու սրտի և հոգու խորքերը։ Նրա դեմքի գծագրությունը առաջ էլ գեղեցիկ էր, բայց այժմ փոխվել էր արտահայտությունը, որ ավելի վսեմ, ավելի սքանչելի էր։ Առաջ նա մի գեղեցկության կուտակություն էր, ինչպես վարդը կոկոնի մեջ, իսկ այժմ բացվել էր իր բոլոր շքեղությամբ։ Առաջ նա մի գեղեցկուհի էր, իսկ այժմ մի աստվածուհի արամազդյան գերդաստանից, որ Հելիկոնյան լեռներից տեղափոխվել էր Սարի-յալ, որ մի քիչ ժամանակ անցկացնի հողեղենների հետ։ Չքնաղատիպ, աննման արարած, պաշտելի՜ Հերիքնազ...

Վաղուց արդեն ազապ տղերանց երևակայության միակ նյութը Հերիքնազն էր։ Անհարմար էին համարում Հերիքնազ անունը տալ նրան, Դունյա գյոզալի էին ասում, Արաբի-Զանգի, Ասլի ու Մեհրի, Գյուլլուզար, և առհասարակ աշխատում էին իրենց սիրած վեպերի հերոսուհիների անունը տալ նրան, բայց ոչ մեկը չէր կպչում, նա մնում էր դարձյալ Հերիքնազ: Շատերը խաղ էին կապում նրա վրա և կամենում էին Արզումանի արկածքներին նախապատճառ շինել նրան, բայց չէին կարողանում հաջողացնել, չէր ընդհանրանում։ Մի բիծ, մի արատ չէին կարողանում դնել նրա վրա, որովհետև նա զորավոր օջախի զավակ էր, ժողովուրդը պատկառանքով էր նայում նրան և համոզված էին, որ մի որևիցե անտեղի ակնարկություն դեպի նա անպատիժ չի մնալ։

Շատերը խնամախոս եկան հարուստ և շեն տներից, շատ հեռավոր գյուղերից և քաղաքից, բայց ամենքն էլ մերժվեցին։ Շատերը փորձ արին փախցնելու, բայց տեսան, որ Հերիքնազի փախցնելը դժվարին գործ է և անհնարին, քանի որ նա ինքն իրան պաշտպանելու և՛ քաջություն ունի, և զենք:

Ոչ ոք, բացի Մարիամից, չգիտեր, որ Հերիքնազը նշանված է։ Շշունջ կար միայն, որ Հերիքնազը սիրահարված է Արզումանի վրա, բայց ձեռներին ոչ մի փաստ չունեին։ Շամիրը շատերին էր խոսք տալիս, շատերից ընծաներ առնում, որից մի