Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/239

Այս էջը հաստատված է

ձի, որից մի հրացան, բայց նպատակին չհասնելով՝ ընծաները ետ էր դարձնում։ Մի մեծ պատերազմ էր այս, բայց Հերիքնազը այս պատերազմից հաղթող դուրս եկավ և հաստատ մնաց իր սիրո մեջ։

Հերիքնազը տեսավ, որ իր ընկերները շատ են հեռացել, էլ չուզեց նրանց հետևից հասնել։ Նստեց տեղնուտեղը և սկսեց իր քաղած ծաղիկները երգելով փնջել։ Առաջ «ջանգյուլում» երգեց մեղմ ձայնով, հետո սկսեց բայաթի։ Բայաթին նրա սիրտը այնպես շարժեց, որ արտասուք եկավ աչքերից։ Լաց էլավ Հերիքնազը, առաջ կամաց, բայց քիչ-քիչ ձայնը բարձրացրեց և սկսեց բոլոր ուժովը գոռալ, որ մեկ անգամից դուրս վիժե բոլոր կսկիծը։

Հինգ ամսվա մեջ շատ բան էր զգացել Հերիքնազը, շատ էր տխրել, բայց ոչ մի անգամ չէր լաց էլել։ Նրա սիրտը քարացածի պես էր։ Բայց հիմա, երբ աչքը ձգեց իր չորս կողմի սարերի վրա, երբ երևաց Ղարանլըխ-Դարան, որ մութ անդունդի նման երկարումեկ ձգվել էր երկու ահագին լեռների միջով, Հերիքնազի սիրտն ուռավ և ուզեց կուրծքը պատռել։ Ահա էդ ձորն է Արզումանի բնակարանը, ասում էր նրա սիրտը և ուզում էր թռչել դեպի այն կողմը։

Հերիքնազը երկար, երկար ժամանակ նայեց դեպի Մթին ձորը և մի տխուր տպավորություն ստանալով, աչքը ձգեց մյուս բլուրների և սարերի վրա, որոնք նույնպես տխրությամբ էին նայում իր վրա։ Մի տխուր նախազգացմունք դրդեց նրան, թե այս վերջին անգամն է, որ զմայլվում է իր ծննդարանի շքեղ տեսարաններով, էլ Կաթնաղբրի ջրիցը չպիտի խմի, էլ Բոխոտ սարի հաղարջիցն ու մոռիցը չպիտի ուտի, էլ Ջուխտակ աճարքու վրա կարմիր թել չպիտի կապի, որ հիշատակ մնա, մյուս տարին գա մի նոր թել ավելացնի, էլ Սարի-յալի վրա ծաղիկ քաղելու չպիտի գա... Այսպիսի տխուր մտածմունքներից հետո մի թալկություն եկավ վրան, պառկեց ցողաթաթափ ծաղիկների մեջ և քունը տարավ։

Մարիամը տեսավ, որ Հերիքնազը բավական հեռու է մնացել, վախեցավ, թե մի փորձանք չպատահի, մանավանդ նկատելով՝ որ հեռվից ձիավորներ են գալիս այնպիսի արագությամբ, որ կարծես թե Հերիքնազին փախցնելու են գալիս։