Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Այս էջը հաստատված է

իդեալը ի հակադրություն՝ տիրող սոցիալական անհավասարության ճնշման ու շահագործման վրա հենված դասակարգային հանրակարգի: Ըստ պոեմի՝ «Հին Հայաստանում» կային համայնատիրական կարգեր՝ թագավորների գերիշխանությունից դուրս: Դա պոեմում պատկերված հսկաների՝ ինքնիշխան մարդկանց ազատ համայքն է, որտեղ և ապրում են համայնատիրական սկզբունքով:

Բոլոր անդամներն ամբողջ համայնքի.
Զավակ են կարծվում մի ընտանիքի,
Այսպես միաբան սերտ սիրով կապված,
Մեկ-մեկու համար գլուխ են դրած:

Փոխադարձ սիրով ու համերաշխությամբ ապրող այդ համայնքի անդամները ոչ միայն աշխատասեր են, այլև անձնվեր հայրենասիրությամբ են իրար հետ կապված: Նրանք միահամուռ կամքով կռվի են գնում հանուն իրենց հայրենիքի պաշտպանության: Հսկաների այդ համայնքի անդամները, ասում է հեղինակը.

Հարկից խորշում են, բայց ո՛չ կռվելուց,
Ո՛չ հայրենիքի պաշտպան լինելուց,
Ունեն առանձին աղեղ, պարսատիկ.
Կռիվ են գնում, ինչպես հարսանիք:

Հսկաների ազատ համայնքի պատկերումով՝ Աղայանն իր ժամանակակից դասակարգային հասարակությանը հակադրում էր այնպիսի սոցիալական համակարգ, ուր աշխատավորները ամեն մի ճնշումից ու հարկադրանքից լիովին «ազատ մնան. քյոխվի ու գզրի ոչինչ հարկ չտան»:


11

Աղայանը խորապես հավատում էր, որ մարդկային հասարակության զարգացումը, թեև մեծագույն խոչընդոտների հաղթահարումով, այնուամենայնիվ գնում է դեպի այնպիսի ապագա, երբ մարդը ոչ միայն կհասնի գիտության, տեխնիկայի աներևակայելի բարձր, հրաշագործ մակարդակի, այլև լիովին վերացած կլինեն հասարակական այն պայմանները, որոնց հետևանքով «մարդը մարդու համար գայլ է», «զորեղն ընկճում է թույլին և աշխատեցնում իր համար»: Բայց մարդկության այդ երջանիկ ապագան կարող է իրականանալ միայն այն ժամանակ, երբ մարդկությունը կհասնի «հավասարությանը», հավասարություն՝ մասնավոր սեփականության, սոցիալական-տնտեսական անհավասարության լիակատար վերացման հետևանքով:

Այդ գաղափարն առաջին անգամ շատ որոշակիորեն արտահայտում է Աղայանն իր՝ «Տարրական ճշմարտություններ» վերնագրով հրապարակախոսական աշխատության մեջ, որը հեղինակի կենդանության օրով անտիպ էր