Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Այս էջը հաստատված է

վրա։ Սա վեր կացավ տեղիցը և մյուսների հետ հեռանալով՝ կարգադրություն արավ։ Ամեն աղբյուրի մոտ չորս-հինգ հոգի ուղարկեց, որ պահպանեն մինչև լույս։

Հերիքնազն այս նախատոնեքին ներկա չէր։ Ծաղկաքաղից տուն հասավ թե չէ՝ Հերիքնազի ջանն սկսեց կոտրատվիլ և ծնոտիքն իրար զարկվելով իմացրին նրան, որ այս է ահա դող ասած բանը, որ ունեցած չէր երբեք։ Արդեն տասնութ տարեկան էր Հերիքնազը, բայց դեռևս ոչ մի անդամ հիվանդացած չէր։ Երկու տարեկան ժամանակն էր ծաղիկն ու կարմրուկը հանել և այն էլ շատ թեթև, և չէր էլ հիշում ինքը։ Իսկ այժմ ընկել էր դողի անգութ ճանկերը, որ բավական դողացնելուց հետո, ձգեց մի անտանելի տաքության մեջ և Հերիքնազն սկսեց դելը տալ։

Արզումանն այսօր Մարիամին տեսնելով Սարի-յալումը, ժամադիր էր եղել վերի աղբյուրի մոտ տեսնելու Մարիամին այս գիշեր։ Մարիամը գնաց նշանակած տեղը և գտավ Արզումանին, որ այնտեղ թաք կացած սպասում էր։

— Ասա տեսնեմ ի՞նչ ունես ասելու,— ասաց Մարիամը։

— Էն եմ ուզում ասել, որ էս քանի ամիսը էն կողմումն էի (սահմանից դուրս)։ Էնտեղ մի քանի ծանոթներ գտա, նրանք խոսք տվեցին ինձ, որ լավ կընդունեն և լավ կպահպանեն, եթե գնամ իրանց մոտ բնակվեմ։ Հիմա ուզում եմ Հերիքնազին առնել, էն կողմն անց կենալ, էնտեղ, ինչպես մեր օրենքն է, կպսակվենք և մեզ համար հանդարտ կապրենք։

— Ես համաձայն եմ, Արզուման, թեպետ շատ դժար է ինձ համար մի հատիկ քրոջիցս զրկվիլը, բայց լավ է էդպես անել, քան թե սաղ աշխարհքս մեզ վրա հաչացնել։ Բայց գիտե՞ս Հերիքնազը հիմա հիվանդ պառկած է, դողացնում է, պետք է մի քիչ համբերես։ Էգուց չէ էլօր կերթանք Ներքի ուրդը՝ էնտեղ չորս կողմն անտառ է. կարող ես մթնով գալ Ջուխտակ աճարքու մոտերքը, ես էլ կգամ էնտեղ, երբ որ լավացած կլինի Հերիքնազը, քեզ իմաց կտամ․․․

Հենց այս միջոցին մի քանի տավարածներ շրջապատեցին Արզումանին և Մարիամին։ Արզումանը դրանց տեսնելով՝ հեռացավ, իսկ Մարիամին բռնեցին։