Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/246

Այս էջը հաստատված է

Իմ նանին խարաբ արեք,
Ես օլքա օլքա կորա։

— Խե՜ղճ նանի, ով գիտե՝ լաց էլավ, էդ որ լսեց։

- Չէ, նա ինքը չիմացավ, հեռու նստած ձեր Մարիամի հետ խոսում էր, նրան խաբեցին, ուրիշ բան ասացին․ ա՛յ ինչ ասացին.

Դու նստել ես դոշակին,
Ուշքըդ, միտքըդ փեշակին,
Խըմել ես նըռան գինին,
Հոտ կանես մանիշակին։

— Ո՜ւր էր էդպես լիներ, խե՜ղճ նանի։

Հերիքնազը շատ սիրում էր Արզումանի մորը։ Մինչև այս տարվա սար գալը նրա հետ մոտիկ հարաբերություն չուներ, մեծ էր իրանց գյուղը, իրանք գյուղի մի ծայրումն էին կենում, նրանք՝ մյուս։ Բայց այստեղ՝ սարումը դրկից էին։ Գյուղացիք երբ որ սար են գնում, սովորաբար նոր դրացիներ են գտնում։ Այստեղ մի քանի դագա միասին մեկ տան պես են լինում․ այստեղ ավելի լավ է երևում, թե որ տներն են միմյանց ավելի սիրելի, կամ որոնք են ուզում նոր բարեկամություն հաստատել, նոր խնամություն անել, որո՛նք են ուզում միմյանց ավելի մոտիկից ճանաչել։

Մարիամը օգուտ քաղելով այս սովորությունից, աշխատեց բանն այնպես բերել, որ դրկից դառնա Արզումանի մորը և ձեռքից եկած օգնությունն անե նրան և մխիթարած պահե։ Հերիքնազի էլ ուզածն այդ էր։ Նա ամեն օր պառավի ոտներն էր լվանում, շաբաթը երկու անգամ գլուխը, երկու շաբաթը մեկ անգամ լողացնում էր, ջուրը բերում էր, կովը կթում, կերակուրն եփում, շորերը լվանում, կարկատում, ամեն ազիզ կերակուրից նրա բաժինը պահում, ուտեցնում, ամեն երեկո տեղը շինում, քնացնում։ Շատ անգամ էլ Շամիրը տանը եղած ժամանակը, ինքը գնում էր պառավի մոտ քնում, նրան գգվում, համբուրում, իր սիրելու կարոտը նրանից առնում։ Երբ որդուն միտն էր բերում, ուզում էր լաց լինի, Հերիքնազը չէր թողնում, այնպես էր հույս տալիս նրան, մխիթարում, որ խեղճը