Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Այս էջը հաստատված է

սուս էր կենում։ Խեղճ պառավը չէր իմանում ինչպես շնորհակալ լինի այս երկնային հրեշտակից։ Նա չէր իմանում, որ սրանք որևիցէ հարաբերություն են ունեցել կամ ունեն իր որդու հետ։ Որտեղ նստում էր, Մարիամի ու Հերիքնազի գովասանքն էր անում, նրանց օրհնում։

— Ախչի Հերիքնազ, հանաքը դենը կենա, ասում են դու Արզումանին սիրում ես, ըղո՞րդ է,— հարցրեց Մագթաղը պարզսրտությամբ։

— Ի՞նչ կլինի, որ ըղորդ լինի,— պատասխանեց Հերիքնազը։

— Ի՜նչ պիտի լինի. է՛ն կլինի, ինչ որ էլել է Քարամուն ու Ասլուն, նրանց պես կէրվիք ձեր մուրազին չեք հասնիլ։

— Ես լավ կհամարեմ նրա սիրովն էրվեմ, քան թե մի ուրիշի սիրովը կանանչեմ, էդ էլ գիտե՞ս։

— Դու լավ կհամարես, բայց թե քեզ թողնեն է՜... Ես էլ ուզում եմ Գրիգորի սիրովն էրվեմ, բայց իմ հերն ու մերն ասում են․ «Ուզես, չուզես, քեզ պիտի Կիրակոսին տանք»... Է՜, Հերիքնազ ջան, ես էլ դարդեր ունիմ քեզ նման, շատ անգամ որ ինձ ու ինձ միտք եմ անում, ասում եմ, մենք էլ ինչացո՞ւ ենք, որ իսկի մարդու տեղ չեն դնում, հենց ում ասես՝ տալիս են, ուր ասես՝ շպրտում են. էլ ոչ հարցնել կա, ոչ դես, ոչ դեն։ Բայց էլի քո բանն իմիցը դժվար է։ Ես որ՝ ուզենամ Գրիգորին կսովորցնեմ, մի գիշեր կգա կփախցնի կտանի։ Մի քիչ ղալմաղալ կանեն, հետո կհաշտվեն։ Բայց քեզ որ փախցնեն, պիտի օլքա-օլքա կորցնեն, էլ ոչ դու կտեսնես մեզ, ոչ մենք՝ քեզ։ Դու էդ կանե՞ս։

— Ինչի՞ չեմ անիլ, երբ տեսնեմ ուրիշ հնար չկա։ Ինձ համար էնտեղ է լավ, որտեղ որ ինձ սիրում են։

— Մի՞թե մենք չենք սիրում քեզ, ումնի՞ց ես մի դառը, մի կծու խոսք լսել, ո՞վ է մեկ անգամ քեզ ասել՝ «տեղդ ծուռ է, դենը նստիր»․ մենք ամենքս էլ քեզ սիրում ենք։ Մեզ պիտի թողնես, ընկնես սարեսար, գնաս ղարիբ ղուրբաթ տեղ, կմեռնիս, վրադ սգող չի լինիլ․․․ Օ՜, շատ դժվար է, ասելն է միայն հեշտ, մեր սարերի պես սարեր, մեր ջրերի պես ջրեր, մեր բաղերի պես բաղեր, մեր քոլերի ու հանդերի նմանը ոչ մի տեղ չես գտնիլ․․․