Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/249

Այս էջը հաստատված է

Մայիսին ուղարկում են տավարը և ընտանիքը, իսկ տղամարդիկն սպասում են մինչև հունձի ավարտը։ Շատ անգամ ամբողջ ուրդի մեջ շաբաթներով տղամարդի երես չի տեսնվում, կնանիքը կարողանում են պաշտպանվել զանազան ավազակային և սիրային հարձակմունքներից, բայց սովորաբար միշտ ահ ու դողի մեջ են լինում։ Բայց երբ հավաքվում են տղամարդիկը, սկսվում է մի նոր կյանք։ Շատերը միայն հանգստանալու համար են գալիս, իսկ շատերն էլ մի նոր աշխատություն սկսելու մտքով։ Այստեղ են շինում սովորաբար իրանց տան գործածական փայտե գործիքները, ինչպես՝ սայլ, գութան, լուծ, կամն, հորսլի, թի, խնոցի, մըղան, խոնչա, տաշտ, տաշտակ, խփի, րոդին (հավանգ), զանազան կոթեր, գդալներ և շերեփներ։

Մի քանի հսկայական կաղնի և աճարքի ծառերի տակ իրենց համար գործատեղի էին արել մինչև երեսուն, քառասուն տղամարդ և որն ուրագով, որը կացնով տաշ էին անում, իսկ անգործներից ոմանք, պառկոտել քնել էին բերանքսիվայր, ոմանք նստած թամաշա էին անում և զանազան խորհուրդներ տալիս շինողներին իբրև գյոզ-ուստասի, այսինքն՝ աչքով միայն վարպետ և ոչ գործով։ Այսպիսիները ոչ մի բան շինելու շնորհք չեն ունենում։ Այս անշնորհքներիցն էր և Շամիրը, որ միայն գդալ շինել գիտեր և ուրիշ ոչինչ։ Սա անցյալ երեկոյին էր եկել արանիցը։ Առավոտը վաղ վեր կացավ և իր փոքր ուրագն ու կեռկտուցը վեր առավ գնաց հասարակաց գործատեղին, որ գդալներ շինե։ Շամիրը դեռ նստած չնստած, Ճաղարանց Թաթոսը ամբոխի մյուս ծայրից կանչեց.

— Հե՜ հե՜, հե՜ ա՛ Շա՜մ, Շամի՜ր, հե՜յ...— բղավեց Թաթոսը մի քանի անգամ կրկնելով Շամիրի անունը, որովհետև բազմաթիվ կացինների և ուրագների ձայնը թույլ չէր տալիս լսելու մի խոսք, թեև առանց այս էլ բղավելով խոսելու սովորությունից զուրկ չէր Թաթոսը։

— Հի՞նչ ա, ա՛խպեր, հի՞նչ ըս ասում։

— Արանիցն ի՞նչ խաբար ունես։

— Խե՛ր խաբար, լոխ էլ լավ ըն, ձեր տղեքը թխվալ ըն, սըրտնեն մածուն ա օզում։