Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/251

Այս էջը հաստատված է

ժբա դու չես ամանչո՞ւմ, սաղ գեղը քանդում, տակն ու վրա ես անում, բա դու աստված չունե՞ս...

— Տեսնում ե՞ք, ա՜յ խալխ, տեսնում եք էս շունն ինչեր է հաչո՞ւմ...

— Վարդան, մի՛ վախիր, մեկ լավ վեր ածա դրա աբուռը՝ քանի որ մենակ է,— շշնջաց Վարդանին մի երիտասարդ, բայց Թաթոսը կարծեց թե նա ասում է՝ «սո՛ւս կաց, ամոթ է, ծեր մարդ է, էդպես բաներ մի՛ ասիր», և սկսեց ավելի կատաղել։

— Կա՛ց, ես քու էդ բլբլան լեզուն կկտրեմ տակիցը։ Գիշերս Արզումանն ի՞նչ էր շինում քու կշտին. ասա՛ տեսնեմ, դու ի՞նչ իրավունքով ես մարդասպանին տեղ տալիս, ա՛սա տեսնեմ։

— Մոգոնիր, մոդոնիր, որքան կարաս, շառեր մոգոնիր, ես քու հնարած սուտերիցը վախող չեմ։ Արզումանին ո՞վ է տեսել ինձ մոտ, վկա ունի՞ս, դե հիմի դո՛ւ ասա տեսնեմ։

— Էս սաղ խալխը քոռ հո չե՞ն, բոլորն էլ վկա չե՞ն։

— Խալխին ո՞ւր ես վկա կանչում, Թաթոս բիձա, խալխիցը մեկն էլ ես եմ։ Արզումանի երեսը չեմ տեսել,— ասաց մեկը, գլուխը բարձրացնելով և կոշտացած ձեռքով ճակատի քրտինքը սրբելով։

— Ա՛յ խալխ, ա՜յ ջամհաթ, չեք լսե՞լ, որ Արզումանին թե օրը ցերեկով, թե կես գիշերին տեսել ե՞ն,— բղավեց Թաթոսը։

— Լա՛վ, որ տեսել են, Վարդանի մոտ հո չեն տեսել,— ասաց Մինաս անունով մեկը։

— Արզումանին աղջկեքն են տեսել ծաղկաքաղին. Շամիրի կնկա հետ է խոսեցել. գիշերն էլ վերի աղբյուրի մոտ են տեսել, էլի Մարիամի հետ։

— «Կես գիշերին, Մարիամի հետ»,— շշնջաց Շամիրը, չհավատալով իր ականջներին։— Մինաս, տյու ինքըդ հըսկանում ը՞ս, էդ հինչ ըս ասո՞ւմ,— հարցրեց Շամիրը։

— Ինչպես թե «հըսկանում ըս», խուլ հո չե՛մ, Արզումանին տեսել են քու կնկա հետ խոսելիս, ուրիշ մարդի մոտ չեն տեսել։

Շամիրի ջանը դող ընկավ, ձեռքերն սկսեցին դողդողալ, էլ բան չկարաց շինել, վեր կացավ փընթփընթալով գնաց։ Շատերն