Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/252

Այս էջը հաստատված է

այդ նկատեցին և կասկածի մեջ ընկնելով՝ գլխըները քաշ գցեցին։ Նրա քամակից հեռացավ և Թաթոսը։

— Էս ճաղար քոփակիցը մարդու խեր չի հասնիլ. սիրտս ասում է՝ էլի մեկ արյուն պիտի պատահի։ Մինաս, դու էլ որ մի քիչ լեզուդ բերանումդ պահեիր, չէր լինի՞լ։ Շամիրը որ կա՝ բըռի արջ է․ հիմա պիտի գնա կնկանը ոտի տակը գցի, տրորի, ես գիտեմ նրա խային խասյաթը։

Այս խոսողը Խաչատուրն էր, Արզումանի երբեմն սրտակից բարեկամը։ Հիմա էլ Արզումանի հետ միայն սա ուներ հարաբերություն, բայց ոչ ոք չգիտեր։

— Ես Մարիամի մասին բան չեմ մտածել և վատ բան էլ չասեցի,— պատասխանեց Մինասը։

— Շատ կարելի է, որ Մարիամին Արզումանի մերը լինի ուղարկած, ինքը չի կարում տեղիցը ժաժ գալ։

— Դե էդպես էլ պիտի ասեիր, բայց դու էնպես ասեցիր, որ նա ուրիշ բան հասկացավ։

— Նա որ շիտակ բանը ծուռ հասկանա, ես ի՞նչ մեղավոր եմ։ Էդ քոփագ շունը որ չլիներ, ես էն է՛լ չէի ասիլ։

Այս միջոցին Սարգիս քյոխվան եկավ, և նստածները տեղերիցը վեր կացան։

— Բարի հաջո՛ղում, տղե՛ք, աստված ղվաթ տա,— ասաց քյոխվան և նստեց մի գերանի վրա։


ՄԻՋԱՆԿՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Ով չուզենա, կարող է չկարդալ)

Սարգիս քյոխվան մոտ վաթսուն տարեկան մարդ էր։ Նրա դեմքի գծագրությունը և հայացքը ցույց էին տալիս, որ բավական չար ու բարի տեսած մարդ էր։ Ոչ ոք գեղի հավատարմությունն այնպես գրաված չէր, որքան սա։ Գյուղացոց շահերը պաշտպանելու համար ամենայն ինչ զոհ բերելու պատրաստ էր։

Գյուղ ասածդ (եթե ոչ հիմա, գոնե շատ առաջ) մի ջոկ աշխարհ, կղզիացած երկիր է, և ունի իր կախումն ու անկախությունը,