Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Այս էջը հաստատված է

իր մատնիչն ու պաշտպանը, իր Վասակն ու Վարդանը։ Գյուղացիք որտեղ որ բնակվում են, ինչքան տեղ որ բռնում են, ասում են՝ էս տեղերը մերն է։ Այստեղից հառաջ է գալիս սեփականության մասին մի ջոկ գաղափար, որ նման չէ այն սեփականությանը, որ տիրող օրենքն է սահմանում։ Հետևյալ խոսակցությունից կերևա, թե որպիսի գաղափար ունին գյուղացիք գյուղի սեփականության մասին։

— Տղե՛ք, Թաթոսն էստեղ էր, ի՞նչ ելավ,— հարցրեց քյոխվան։

— Նա տեսավ որ դու գալիս ես, ինքն ըռադ էլավ,— պատասխանեցին մի քանիսը։

— Ա՜յ, ճաղար շուն․․․

— Սարգիս բիձա, էդ անիրավի ձեռին մենք մինչև ե՞րբ պիտի տանջվենք,— գանգատվեց Վարդանը։

— Մինչև լավ իմանանք, թե ի՞նչ գազան է դա։

— Ո՞վ չի ճանաչում էդ քոփագին... մեղա քեզ աստված, ի՞նչեր է գալիս բերանս։

— Դուք էն եք տեսնում, ինչ որ հիմի է անում, բայց էն չեք տեսել, ինչ որ մինչև հիմի արել է։ Էս տեղիցը որ հիմի մենք սաբալախի (խոտահարկ) ենք տալիս, առաջ ո՞վ էր իմացել էդպես բան. էդ-էդ-էդ գնաց մեր պապական տեղերը մի թավադի վրա ծախեց։

— Լավ, ի՞նչպես է ծախում, իրանը հո չի՞, որ ծախի։

— Էդ ես էլ չէի իմանում, թե ինչպես են ծախում, բայց հիմի քիչ ու միչ հասկանում եմ։ Գիտեք ինչ կա, գեղըցին մի տեղ թեկուզ հարյուր տարի կենա, կարող չի ասել, որ էս տեղն իրանն է, բայց եթե թավադը մի տեղ տասը տարի կենա, էն տեղը կմնա իրան։ Բայց թավադն ինչի՞ համար է կենում, նա վար չի անում, ցան չի անում, գեղըցին է վարում, ցանում, նրան բահրա տալիս։ Հիմի լավ ականջ դրեք։ Թավադը նրանով է հաստատում տեղն իրանը լինելը, երբ որ հաստատում է, որ էդ տեղիցը նա բահրա է առել կամ սաբալախի, կամ իջարա։ Էդ էլ ինչո՞վ պիտի հաստատի, երբ որ ես, դու, սա, նա ասենք՝ «ըղորդ է ասում. մենք էստեղ կացել ենք, բայց դրան միշտ բահրա ենք տվել», հասկանո՞ւմ եք, թեկուզ ոչինչ էլ տված չլինինք, միայն թե ասենք՝ «տվել ենք»։ Էդ խոսքն