Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Այս էջը հաստատված է

ասելու համար թավադը սրան նրան փող է տալիս, պատիվ է տալիս, որ քննության ժամանակը գնան ասեն, «ըղորդ է, մենք բահրա ենք տվել»։ Ա՛յ, էդ ճաղար շունը քա՞նի քանիսից է փող առել, սուտ երդում կերել, վկայություն տվել, թե՝ «մենք սաբալախի ենք տվել, բահրա ենք տվել»։ Դա՛, մեկ էլ Մաթոսն ու Մարկոսը,— ողորմի նրանց կշտի մեռելներին— մեր բոլոր հանդերը տվին թավադներին։ Առաջ ո՞վ էր թավադի անուն իմացել, ո՞վ էր նրանց երեսը տեսել։ Մի քսան տարի չկա, ինչ որ դրանք եկան մեկմեկու հետևից. մարդ իմանա՝ մինչև էդ ժամանակը ո՞րտեղ էին. հալբաթ առաջ էդպես օրենք չկար։ Հենց որ հանդերն սկսեցին չափել, որտեղ մի քաղցած թավադ կար, ձեռքը մեկնեց, թե էս իմն է. միտս է, մեկ անգամ եկողները երեսնից ավելի էին, մեջերումը սուտ թավադներ էլ շատ կային։ Շատերի անունը հիմի էլ միտս է․ ա՛յ, ասեմ մի քանիսինը։

Սարգիս քյոխվան այստեղ տերողորմյան գրպանից հանեց և սկսեց թավադների անունը տալով հատիկները ձգել, որ տեսնի քանիսի անունն է միտքը։— Օրբելյա՛նով, Մուխրա՛նսկի, Չաչի՛կով, Բարա՛թով, Թուրքեստա՛նով, Սուլխա՛նով, Շա՛նշիով, Մելի՛քով, Փիրա՛դով, Փերշա՛նգով, Մուրթուլա՛ձե... Է՛հ էլ ո՞ւմ միտն է, քան զշուն շատ էին։ Մեկ տեղից քսան մարդ բռնում էր, ամենքն էլ ասում էին «իմն է»։ Խազնի մարդն ասում էր՝ թագավորական է, Սիոնի տերտերն էլ ասում էր՝ վանքական է։ Բայց էս երկուսը աչքներն էս ու էն թավադի վրա էին գցում, որ տեսնեն որից կարող են շատ փող առնել, որ իրանք ձեռք վերցնեն։ Ի՛րանք, թավադներն էլ էին մեկ մեկու համար վկայություն տալիս, խոսք մեկ էին անում, իրար մեջ բաժանում. չափողներն էլ ջոկ էին շահվում։ Գեղըցոց վկայությունն էլ հազիր էր, որ կողմն ուզում էին, էն կողմն էին շուռ տալիս նրանց. ուղիղ խոսողներին հեռացնում էին, կամ ասածը ծուռ գրում և իրանց ձեռք քաշել տալիս։ Ահա էսպես մեր բոլոր տեղերը մնաց դրանց, մենք էլ ոչինչ չունինք, ո՛չ հող, ո՛չ ջուր, ո՛չ ծառ, ո՛չ խոտ, ամենի համար էլ փող ենք տալիս, էն էլ մեկն երկուսով, ամեն տարի թանկացնում են։

— Որ գիտեիք էդպես է, ինչի՞ չէիք արզա տալիս, ինչի՞ չէիք գանգատվում։