Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Այս էջը հաստատված է

— Բա քիչ ենք ա՛րզա տվե՞լ, քիչ ենք գանգատ արե՞լ. էլ դիվանխանա չենք թողել, ամեն տեղ էլ արզա ենք տվել։ Ես հիմի եմ հասկանում, որ մեր բոլոր աշխատանքը զուր էր։ Մենք արզա էինք տալիս, թե՝ «էդ տեղերը մերն է», չէինք իմանում, որ թագավորական տեղը խազնինն է։ Դավին խազնեն պիտի քաշեր, նա պիտի իր ունեցածի տերը դառնար. մենք մեր փողով նրա իրավունքն էինք պաշտպանում, բայց նա մեզ չէր օգնում։ Խազնեն է՛լ էր թավադների ձեռին, դիվանխա՛նեքն էլ, մեր խոսքին ո՞վ պիտի ականջ դներ։ Շատ անգամ ծեծում է՛լ էինք թավադներին. երբ որ գալիս էին բահրա ուզելու, չէինք տալիս։ Բայց դրա պատիժն էլ քաշում էինք։

— Թուլաձեին ի՞նչպես ծեծեցիր, Սա՛րգիս բիձա, մեկ դու է՛դ ասա։

Սարգիս քյոխվան միտը բերավ իր ջահելությունը, մի քթահազ տվավ ու սկսեց.

— Էդ Թուլաձեն մի երկու անգամ եկավ մեր բաղերի տակի հողերին դավի տվավ, թե՝ «իմն է, պիտի բահրա տաք»։ Մենք չտվինք։ Սա գնաց մողրովին գանգատ արավ, նրանից մի հրաման բերավ, օխտն-ութը մարդ էլ հետը։ Բահրա առնելը շատ էին հեշտացնում մողրովները, բայց էդ կենա դեռ։ Մեր քեթխուդեքը հավաքվեցին, խորհուրդ արին, թե ի՞նչ անենք, տա՞նք, թե չտանք։ Վճռեցին, որ չտանք. եթե տանք, էդ տեղերն իրա վրա կհաստատի, հիմի իր ուզածը մի ոչինչ բան է, բայց հետո կգա տասնից մեկը կառնի, հետո էլ չորսից ու երեքից մեկը, մի քանի վախլուկ մարդիկ էլ, սրտները դող ընկած՝ ասում էին՝ «ուզենք չուզենք՝ պիտի տանք, մողրովիցը հրաման է բերել, նրա հրամանին ո՞վ կարա ընդդեմ կենալ»։ Քյոխվան լուսահոգի Ակոբն էր, նա ասաց. «մողրովի հրամանն ինձ վրա է, ես նրա պատասխանը կտամ. նա ի՞նչ գիտե թե էս տեղերը սրանն է, որ հրաման է տվել։ Չպիտի տանք, թող ուր ուզում է գնա»։ Թուլաձեն Թաթոսի տանն էր վեր եկել, էլի էս անիծածն էր նրա օգնականը։ Սա սովորցնում է, թե «առավոտը հորթերը գալու ժամանակը քու մարդկանցով գնա առաջը կտրիր, տար տուն արա մի աղալում ու դուրս չանես, մինչև բահրեդ չտան։ Նա էլ հենց էսպես էլ