Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Այս էջը հաստատված է

տեսնենք ի՞նչ է ասում, պատասխանը տանք։ Բայց անիրավն էկավ թե չէ՝ «շահկարիթ (կապոտեցեք), ասաց, մադիթի ռջուլի» (դրանց հավատը)։ Մեր հավատին դիպան թե չէ, Ղուկասի փափախը ձեռքիցը վեր ընկավ։ Կատաղած ասլանի նման ընկավ Սուլխանովի վրա, ու տեղն ու տեղը վեր կոխեց, սրտին չոքեց։ Բճերն իսկույն վրա թափվեցին, ես էլ ուզեցի օգնել, բայց գլխիս էնպես խփեցին, որ շշմած վեր ընկա։ Աչքս մեկ էլ էնտեղ բաց արի, որ տեսա երկուսիս էլ կապոտել են։

— Էլ ինչ գլխներդ ցավացնեմ․ մեզ տարան քաղաք․ գցեցին Մետեխի բերդը, դուդսաղի շորեր հագցրին, ամեն օր ջուր էին կրել տալիս, ճամփեքը սրբել տալիս, սև հաց էին ուտացնում․․․ Էսպես պահեցին մինչև վեց ամիս, վեց ամսից հետո դուրս բերին, տարան մի դիվանխանա։ Էդ դիվանխանի գլխավորը ինքը Սուլխանովն էր։ Նա ինքը վեր գցել տվավ մեզ, ռոզգի խփել տվավ, քամակներիս կաշին մաշկել տվավ, հետո բաց թողեց․ «Դե հիմի գնացեք, ասաց, խելոք կացեք, իմացեք ում հետ գործ ունիք»։ Մեր շորերը մեզ տվին, հագանք, եկանք մեր տները, երեք ամիս տեղումը պառկեցինք։ Գեղըցիք քանի անգամ եկել արզա էին տվել մեզ համար, որ մենք անմեղ ենք, բայց արզան հենց իրեն Սուլխանովի ձեռքն է ընկնում․ նա պիտի լիներ գեղըցոց խնդիրքի կատարողը, բայց նա այն թղթերը կամ կէրեր, կամ դեն կգցեր։ Հիմի էլ որ միտս է գալիս, ջանըս փշաքաղվում է։ Ախըր երբ որ պատմողդ ու ազատողդ քու թշնամին է, էլ ի՞նչ կարող ես անել նրան։

— Մա՛խլասի, գեղըցու բանը մի դարդ ու բալա է,— ասաց Վարդանը։— Մենք որ կանք, էրեխի պես բան ենք։ Էրեխեն որ պահող չունենա, ջուրն էլ կընկնի, կրակն էլ, ինչ ասես կպատահի․ մենք որ մեր գլուխը չպահենք, ոչ ով մեզ իշի տեղ էլ չի դնիլ։ Մարդ իմանա, ի՞նչ է մեր մեղքը, որ էս օրին ենք․․․

— Գառների մեղքն ի՞նչ է, որ գայլերն ուտում են։ Մեր մեղքն էն է, որ մենք ոչխար ենք՝ գայլերը մի կողմից պիտի ուտեն, մարդիկը մեկէլ կողմից կթեն ու խուզեն։ Իսկի տեսած կա՞ք, որ մեկը գա մեզ համար մի բան բերի, մի բան տա․ դիփ էլ տանում են ու տանում։ Էսօր գնա ճամփա շինի, էգուց գնա մորեխ կոտորի, էսօր էս տար, էգուց էն, իշի պես