Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Այս էջը հաստատված է

բանեցնում են, ոչխարի պես խուզում, ո՞վ է մեր տերն ու տիրականը։ Գող ու ավազակ մի կողմից են թալանում, մողրով ու յասաուլ մեկէլ կողմից ծեծում, ջարդում, թավադներն էլ ջոկ են մեր միսն ուտում, արյունը ծծում, որը զոռով, որն էլ խաբելով։ Ի՞նչ սատանություն ասես՝ որ դրանք չեն անում, ո՛չ աստծուն են հավատում, ո՛չ թագավորից վախում, ո՛չ ամոթ ունեն, ո՛չ երկյուղ։ Ա՛յ էդ Շաքարոն, որ էդքան տեղեր զավթել, ուտում է, գիտե՞ք՝ ինչպես խաբեց մեզ։ Դա մի խեղճ մարդ էր, մի խեղճ սելապան, քաղքումը սելապանություն էր անում, շիրաջիների համար Կախեթից գինի էր կրում, ձկնապանների համար Սալյանից՝ ձուկը։ Մի ձմեռ ալափ չուներ, որ եզինքը պահել էր, դիփ էլ կոտորվեցին, մնաց խեղճ։ Քաղքիցը վեր կացավ եկավ մեր գեղը, մի բոստանի տեղ ուզեց մեր խալխիցը, նրանք էլ տվին, թե խեղճ մարդ է, թող իրա համար մի բան սերմի, մի բան աշխատի, տանի իրա օղլուշաղը պահի։ Շաքարոն դառավ բոստանչի, ամեն տեսակ կանաչեղեն ցանեց — լոբի, սիսեռ, սոխ, սխտոր, բակլա, դդում, քալամ, կարտոփիլ, թամբաքու, մի խոսքով ինչ ասես — խիար, խարբուզակ, ձմերուկ, տակ, գազար։ Կշտին էլ մի դագա էր շինել, էնտեղ էր կենում գիշեր-ցերեկ։ Մեկ երկու տարի անցկացավ, մի քանի շահի աշխատեց, մեր տերտերի հետ ընկեր դառավ, ու նրա հետ բոստանը չափարեց բաղ շինեց, կշտին էլ մի ջաղաց։ Մեկ-երկու տարի էլ անցկացավ, տերտերը մեռավ, բաղն էլ, ջաղացն էլ մնաց Շաքարոյին։ Էսպես քաշ տվավ մինչև տասը տարին լրացավ․ տասը տարուց հետո գնաց մի թավադի փող տվավ, նրա ազգականը գրվեց, դառավ թավադ, հետո եկավ բաղն ու ջաղացն էլ հաստատեց վրան, մի երկու հարյուր օրավար էլ ուրիշ տեղ խլեց մեզանից, թե էս էլ է իմը։ Մի սիրուն էլ հարսն ուներ, ինքը բացերես և լեզվանի, միշտ մողրովների ու նաչալնիկների հետն էր ժամանակ անցկացնում, նրանց հետ սարերումն ու ձորերումը քեփ քաշում, էլ ո՞վ կարող էր նրան մի բան ասել։ Շատ էլ գանգատ արինք, արզա տվինք, կռիվ էլ արինք, թակեցինք դուրս արինք, տունը, ջաղացը քանդեցինք, ոչինչ չկարացինք անել, մեր խոսքն անց չկացավ ոչ մի տեղ։

Փիրադովն էլ Շաքարոյի նման արավ։ Նա էլ խեղճ ճոն էր՝