Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/260

Այս էջը հաստատված է

փափախչի։ Էկավ մեր գեղի մոտ, Քափանաքչի մի թուրք բեկի հետ ջաղաց ու բոստան շինեց, էդտեդ համ ճոնություն էր անում, համ ջաղացպանություն։ Լավ փող աշխատեց, մեկ տղին լավ ուսում տվավ։ Տղան էնպես մի ղուլլուղի մեջ մտավ, էնպես մի նաչալնիկ ունեցավ, որ խոսքն ամեն տեղ անց էր կենում։ Սա վեճ բաց արավ գեղացոց հետ, վերջը բոլոր գեղը զավթեց, հիմի իրանն է թե՛ գեղը, թե՛ նրա երկու հազար դեսետին ջրովի հողը։ Հիմի մեր թուրքերը կիսովի են վարում նրա համար, խոտահարկն էլ ջոկ են տալիս, տներիցն էլ ջոկ են հարկ տալիս, թագավորի խարջն էլ ջոկ են քաշում, խեղճերն աղքատությունից քաղցած կոտորվում են. գողությունով են ապրում, ուրիշ ապրուստ չունեն։ Ուրիշ տեղ էլ չեն ճարում, որ էդտեղից դուրս գան հեռանան։

— Սարգիս բիձա, մեկ անգամ ասա մեր աշխարհքն անտեր է ու պրծիր. էլ ի՞նչ ես գլուխդ ցավեցնում,— ասաց Պետրոս բիձան, որ քյոխվի բոլոր պատմածներին ականատես էր և մասնակից։

— Անտեր որ ըլի, էլի լավ է, շների ու գելերի ձեռքին է։

Իմ խոսքը մեր ճաղար շան մասին էր, ես հեռու գնացի։ Էլ մի թավադ չկա, որ դա նրա համար վկայություն չլինի տված, թե՛ մեր գեղի, թե՛ մեր հարևան գեղերի բոլոր թավադների համար էլ դա սուտ երդում է կերել, սուտ վկայություն տվել․ մեր գեղը դա է քանդել...

— Դե ի՞նչ անենք, աստված էլ դրա տունը քանդի...

— Ամմե՜ն, ամմե՜ն,— ձայն տվին ամեն կողմից...


Զ

Աղբյուրի սառը ջուրը ոչ միայն չլավացրեց Հերիքնազին, այլև ավելի սաստկացրեց նրա տկարությունը․ բոլորովին տաքության փոխելով՝ ձգեց անկողնի մեջ։

Շամիրը երբ որ քաշվեց դեպի դագեն, այդ ժամանակ Հերիքնազը սաստիկ տաքության մեջ դելն էր տալիս և վերմակը վրայից շպրտում, Մարիամը կշտին նստել էր տխուր տրտում և ծածկում էր շուտ-շուտ Հերիքնազին, որ չմրսի։