Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Այս էջը հաստատված է

Ճանապարհին նրա դեմը ելավ Շամիրը։ Մարիամը մարդուն տեսավ թե չէ՝ տեղն ու տեղը մեխվեց։

— Ո՞ւր, աոաջ բարի,— հարցրեց Շամիրը հեգնելով։

Մարիամն այնպես շփոթվեց, որ ոչ մի պատճառ չկարաց հնարել, իսկ ճշմարիտն է, վախեցավ խոստովանել․

— Քեզ եմ հարցնում, ա՛յ կնիկ, ո՞ւր ես գնում էս կես գիշերին քոլեքոլ ընկած,— պնդեց Շամիրը սպառնողական ձայնով։

Պատասխան չկա։

— Սիրողիդ մոտ ես գնում, էնպես չի՞, արի՛, ես քեզ կտանեմ նրա մոտ։— Այս ասելով՝ Մարիամի ձեռքից բռնեց և քաշ տալով՝ տարավ անտառի խորքը։ Մարիամն ամոթուց աղաղակ չբարձրացրեց, որ մարդ չիմանա, բայց ընկավ Շամիրի ոտները և սկսեց աղի արտասուքով թաց անել։

— Դու ուրիշ բան մի՛ մտածիր, Շամիր ջան, ա՛ստված, երկինք, ծով, ցա՛մաք, ես անմեղ եմ։

— Տեսնում եմ, տեսնում, ա՛յ լիրբ, աներես, ես քոռ չեմ, դու որ անմեղ ես, էլ ո՞վ է մեղավորը։ Կես գիշերին Արզումանի հետ ի՞նչ գործ ունեիր դու, ո՞ւր ես գնում հիմի, ո՞ւմ համար ես տանում էդ աղլուխը, ա՛սա։

— Աստված, երկինք, Շամիր ջան, ես անմեղ եմ, ի՛նչ որ լսել ես, հետո կիմանաս դրա պատճառը. հիմի ինձ հավատա, աստծուն հավատա, ես անմեղ եմ։

Մարիամը կարծում էր, թե իր երդումով մարդի մտքի մեջ մի երկմտություն կձգի, ժամանակ կվաստակի արդարանալու համար և մահից կազատվի. բայց անգութ Շամիրի հոգին սևացել էր, խիղճը քարացել, աչքերն արնով լցվել, ջանը դող ընկել, ականջները խլացել. նա Մարիամին այս րոպեիս համարում էր իր որսերից մինը, որի քամակին օրերով ման է գալիս և տեսնելուն պես՝ գետին տապալում հրացանի գնդակով։ Մարիամը, որ նրա ոտներն ընկած, աղիողորմ արտասուք էր թափում, և ամեն սուրբի, ամեն խաչի և Ավետարանի անունով երդվում, մեկ էլ լսեց հանկարծ.— «հոգիդ տո՛ւր, ղանջըղ...»։ Մարիամն սկսեց երեսը խաչակնքել ինչպես անմեղ նահատակ և աչքերը դեպի երկինք ձգել, բայց դեռ խաչի նշանը ամբողջությամբ չէր դրոշմել կրծքին, հանկարծ