Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/263

Այս էջը հաստատված է

կծկվեց Շամիրի ոտքի տակին: Եղեռնագործը մի աքացիով անշնչացրեց այն անմեղ, այն միամիտ, այն սուրբ Մարիամին, որ իր կյանքի մեջ ամուսնական ուխտի դեմ մի ցնորք անգամ իր մտքից չէր անցկացրել:

Խե՜ղճ կանայք, արդյոք զգում ե՞ք դուք ձեր գերությունը, ձեր ստրկությունը: Իհարկե, ո՛չ: Կարծում եք թե այդ է ձեր վիճակն ու ճակատագիրը, որ դուք պիտի գառը լինիք, իսկ ձեր մարդիկը՝ գայլ։ Մարդիկն էլ կարծում են, որ իրավունք ունեն ձեր կյանքի վրա, մոռանալով՝ որ ինչպես կյանք տալ կարելի չէ, և ոչ առնել կարելի է:

Եղեռնագործը տեսավ որ իր զոհի շնչառությունը այլևս չի լսվում, մի ժամի չափ մնաց քարացած: Հետո չարագործությունը ծածկելու համար, իր հայրենավանդ բարբարոսական հնարքը գործ դրավ: Արձակեց անմեղ նահատակի գոտին և սնուր շինելով գցեց շլինքը և կախնց մի ծառի ճղնից, որ այնպես կարծվի, թե ինքն իրան է կախել...


Ը

Շամիրն իր չարագործությունից հետո վերադարձավ դագեքը: Հարբած մարդու պես այս և այն կողմն էր ընկնում, ճանապարհը կորցնում. կես գիշերին ազիվ կարողացավ տեղ հասնել։

Հերիքնազը թեև պառկած էր, բայց անհամբեր սպասում էր Մարիամի վերադարձին և սաստիկ վարանման մեջ էր նրա ուշանալու համար:

— Ախչի՛, ո՞ւր է քույրդ,— հարցրեց Շամիրը Հերիքնազին:

— Չգիտեմ, դուրսը կլինի, հիմի կգա՛։

Մի ժամի չափ անցավ սրա վրա, Մարիամը չերևաց:

— Ախչի՛, ո՞ւր է քույրդ,— կրկնեց Շամիրը բարկությամբ:

— Ես ի՞նչ գիտեմ ո՞ւր է,— ասաց Հերիքնազը նույնպես բարկանալով, և իսկույն վեր կացավ տեղից՝ կարծես մի չարագուշակ ազդմունքից դրդվելով:

Շամիրն սկսեց հարևաններին զարթեցնել, իմաց տալով՝ որ Մարիամը կորել է, ման են գալիս, չեն գտնում:

Հարևանները զարթնեցին և ամենքն էլ սկսեցին այս ու այն