Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը հաստատված է

կողմն ընկնել, կանչել, բղավել անունը տալով՝ բայց ոչ մի տեղից ձայն չլսվեց։ Հերիքնազն այնքան ուժ չուներ, որ կանչեր, բայց ամենից լավ նա էր իմանում, թե ո՛ր կողմը կլինի գնացած, և այնպես էլ գնաց, բայց սաստիկ մութը լինելով՝ ոչինչ չէր տեսնում։

Շատ փնտրեց, ոչինչ չգտավ, և սաստիկ հոգնելով, մեկ տեղ վայր ընկավ թուլացած, տխուր և տրտում։ Չէր իմանում, թե ինչպես մեկնե Մարիամի այս անակնկալ անհայտանալը։ Այսպես հուսահատ դրության մեջ, հանկարծ մի ոտքի ձայն լսեց։

— Էդ ո՞վ ես, Մարիամ, դու ե՞ս,— լալով կանչեց Հերիքնազը։

Արզումանն էր նույն տեղը պտտվողը։ Սա լսելով Հերիքնազի ձայնը, իսկույն մոտեցավ և հարցրեց․

— Ախչի՛, ի՞նչ ես շինում էստեղ։

— Ա՜խ, Արզուման, դու ե՞ս։ Մեր Մարիամը կորել է, ման ենք գալիս, չենք գտնում, դու չե՞ս տեսել. նա կարծեմ քեզ մոտ պիտի գար, թեպետ ինձ ոչինչ չասաց։

— Ի՞նչ ես ասում, ո՞ւր է կորել․ նա երեխա հո չի։ Ես նորան էի մնում էստեղ, շատ սպասեցի, չերևաց. իմ քունս էլ տարավ, նոր զարթեցի, ուզում էի գալ ձեզ մոտ։ Չի կորչիլ, մի՛ վախիր։ Դու ի՞նչպես ես, դո՛ւ. լավացել ե՞ս, թե չէ։

— Ե՞ս, ես լավ եմ... ա՜խ, կռնիցս բռնիր վեր կենամ, շատ եմ բեզարել։ Ով գիտե՝ քեզ նման նրա քունն էլ է տարել, հիմի լուսը կբացվի, կերևա չեմ կարում ձեն տամ, էլ ջան չկա։

— Հերիքնազ ջան, դու հիվանդ ես, ինձ խաբում ես, թե՝ լավ եմ։

— Ա՜խ չէ՛, չէ՛, ես լավ եմ, կլավանամ, հավատա՛․․․ Նստենք էստեղ։ Ես չեմ կարում ման գալ։ Իմանում ե՞ս, խոսելու ձեն է գալիս. դիփ էլ Մարիամին են ման գալիս։ Գնա՛, գնա՛, քեզ չտեսնեն։ Տուր ձեռքդ. ինձ համար դարդ չանես, Արզուման ջան։— Այս ասելով Հերիքնազը համբուրեց Արզումանի ձեռքը։

Արզումանն այնպես շփոթվեց, որ չիմացավ ի՛նչ խոսի։ Մնաց ապուշ կանգնած ինչպես փետացած, մինչև բավական մոտեցան խոսողները, երբ Հերիքնազի ստիպելովը հազիվ կարողացավ անջատվել նրանից և հեռանալ։