Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Այս էջը հաստատված է
Թ

Երբ որ հարևաններն այս ու այն կողմ տարածվեցին, Շամիրն էլ գնաց իբր թե նույնպես փնտրելու։ Սրա հետ գնաց և մեզ ծանոթ Խաչատուրը։

— Ախպե՛ր, շատ բան էինք լսել, բայց կնկա կորչիլ չէինք լսել, յարաբ ո՞ւր պիտի լինի գնացած,— ասաց Խաչատուրը։

— Խաչատուր, մի կնիկ, որ մտքումը ծուռ բան դնի, ոտքը թեթևացնի, ուր ասես՝ կկորչի։

— Ինչի՞ ես էդպես ասում, Շամի՛ր. դու քու կնկանը չե՞ս հավատում։ Նա որ ծուռ մտքանի կնիկ լիներ, քեզանից առաջ մենք կիմանայինք, էդպես բանը կնկա մարդն էնպես շուտ չի կարող իմանալ, ինչպես ուրիշները կիմանան։

— Ուրիշները մի՞թե չեն խոսում իմ կնկա վրա։ Էն օրը դու չլսեցի՞ր, որ ասում էին՝ կես գիշերին տեսել են Արզումանի կշտին... Ես էլի շատ բան եմ ինքս իմ աչքովս տեսել. ես հաստատ գիտեմ, որ նա վատ բանի է։

— Շամիր, էն օրը ես էլ լսեցի, ինչ որ ասացին. ես էլի շատ բան լսեցի, բայց դու չմնացիր, որ ինքդ էլ լսես. սատանեն սիրտդ կրակ գցեց, վեր կացար, որ գնաս հանգցնես։ Դե հիմի ինձ լսիր, տես քեզ ի՛նչ եմ ասում։ Ես վաղուց մտքումս դրել էի, որ քեզ հետ խոսեմ, բայց ոչ մի անգամ հանդումը չեկավ։ Հիմի լավ պատահեցանք, պետք է իմաց տամ քեզ ամեն բան։ Խային մարդու աչքը քոռ կլինի, Շամիր, դու շատ բան ես վարավուրդ արել, բայց դիփ էլ ծուռ ես հասկացել։ Հիմի ինձ ականջ դիր, տես սուտ եմ ասում թե ըղորդ։ Արզումանը քանի որ էդ փորձանքին չէր հանդիպել, մտքումը դրել էր, որ գա քեզ խնդրի, որ Հերիքնազին իրան տաս։ Հերիքնազն ու Արզումանը սիրում են մեկ մեկու, էդ սաղ աշխարհքին հայտնի է։ Մի գիշեր դու քաղաք գնացած ժամանակդ՝ նա իմ կշտիցս գնաց ձեր տուն։ Գնացել էր Մարիամից ու Հերիքնազից խոսք առել, էքսի օրը պիտի օրինավոր նշան ուղարկեր քեզ մոտ. նշանն էլ հազրել էր․ էդ փորձանքը որ պատահեց, ամեն բան խափանվեց։ Հիմի Մարիամն, ինչպես ասի քեզ, խոսք է տվել, առանց քեզ տուն է թողել։ Նա ի՞նչ գիտեր, թե բանն էսպես կգա։ Դու քոռ հո չե՞ս, չե՞ս տեսնում, որ