Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Այս էջը հաստատված է

գոչում բարձրացրեց, գլուխը ծառերին զարկեց, ամբողջ մարմնով գետնե-գետին զարկվեց այսահարվածի նման։ Նրա աչքերումն արտասուք չկար, գլխի մազերը գջլտում էր և կարծես ցավի զգացումը կորցրել էր։ Մարդիկ ժողովվեցին շուտով և ուզեցին նրան կապոտել, որ ինքնասպանություն չգործե, բայց նա իրան բռնել ուզողների ձեռները կծոտեց, դուրս փախավ ինչպես մի վայրենի գազան և ընկավ ձորերը։ Մարդիկ վազեցին հետևից, բայց հասնել չկարողացան։ Նա մի ահագին քարաժայռից անդունդ գլորվեց, ուր և գտավ իր դժոխքը։ Նրան հենց այդտեղ էլ թաղեցին։

Հերիքնազի և Մարիամի համար «Երկու հոգիս» անվանված կաղնի ծառի տակը փորեցին և երկոքին քույրերին մի գերեզմանում դրին իրանց շորերովը։ Ասողներ եղան, թե հարկավոր է գյուղից քահանա կանչել, բայց ծերերը թույլ չտվին, ասելով — անհաղորդ էլածներին, խեղդվածներին, իրանք իրանց սպանածներին տերտերով չեն թաղիլ։ Սրա համար ոչ մի աղոթք չասվեց նրանց վրա, ոչ մի հոգեհանգիստ չկատարվեց նրանց համար։

Այս անսովոր և սարսափելի դեպքի լուրը շուտով տարածվեց ամենայն տեղ, բայց ո՞ւմ սիրտն այնքան կկսկծար, որքան Արզումանինը։ Արզումանը եկավ աշկարա, օրը ցերեկով, չոքեց նորաթաղ գերեզմանի վրա և իր ուզածի չափ արտասվեց։ Բայց այդ արտասուքը չթեթևացրեց նրա սրտի կսկիծը։ Նա զգում էր, որ իր պատճառով են զոհվել այս անմեղ գառնուկները, և այդ զգացումը նրան մղում էր, որ ետ չմնա իր սիրելիներից, շուտով հասնի Հերիքնազի հետևից և հոգով միանա նրա հետ։ Եվ այդպես էլ արավ։ Ինքն իրեն սպանող երիտասարդը, որի մասին պատմեցինք առաջին գլխումը, այս Արզումանն էր։ Նա եկավ Շամշուլդա գյուղի քահանային խնդրեց, որ երթա այն անմեղ զոհերի գերեզմանի վրա թաղման կարգ կատարե, և իրեն էլ հաղորդե։ Քահանան հանձնառու չեղավ, ասելով, որ նրանք իր ժողովուրդը չեն. իրեն էլ չհաղորդեց, պատվիրելով որ գնա իր քահանայիցը հաղորդվի, բայց երբ հրացանի ձայնի վրա գյուղացիք հավաքվեցին և Արզումանին մերձիմահ գտան, քահանան էլ իսկույն եկավ և հաղորդեց։ Գյուղացիք լավ էին ճանաչում Արզումանին, ամենքն