Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/27

Այս էջը հաստատված է

Աղայանի սոցիալական ուտոպիայի նշանակությունը որոշելիս՝ պետք է ի նկատի ունենալ ոչ թե Եվրոպայի, այլ Ռուսաստանի ու Անդրկովկասի, մասնավորապես հայ կյանքի ու հասարակական մտքի զարգացման աստիճանը 19-րդ դարի վերջերին, երբ դեռ գերիշխողը նախակապիտալիստական հարաբերություններն էին, երբ սոցիալիզմի գաղափարը չէր միացել պրոլետարիատի հեղափոխական շարժման ու պայքարի հետ: Եվ եթե Աղայանի գործունեության ժամանակաշրջանում՝ 60—70—80-ական և հետագա տասնամյակներում, Եվրոպայում բանվորական հեղափոխական շարժման մեջ տիրապետող էր դառնում մարքսիզմը, որպես պատմական զարգացման ուղեցույց, և մարքսիստական գիտական սոցիալիզմը, որպես մարդկության ապագայի հեռանկար, ապա՝ Ռուսաստանում, և մանավանդ Անդրկովկասում, հասարակական հարաբերությունների հետամնացության հողի վրա, կապիտալիզմի ուշ զարգացման հետևանքով՝ մինչև 80—90-ական թվականները ներառյալ, դեռևս տիրապետող էին արևմտա-եվրոպական ու ռուսական նախամարքսյան սոցիալիզմի այլևայլ արտահայտությունները:

Աղայանի գործունեության դարաշրջանը ճիշտ ու ճիշտ Լ. Տոլստոյի ապրած դարաշրջանն է՝ «գյուղացիական ռեֆորմից» հետո մինչև 1905 թ. ռուսական առաջին հեղափոխությունը, մի դարաշրջան, որի փոխանցիկությունն է, որ, ինչպես ասում է Լենինը, ծնել է Տոլստոյի և «տոլստոյականության» բոլոր հատկանշական գծերը: Բայց Աղայանը ոչ միայն քննադատում է տիրապետող հասարակարգը, որը հիմնված է սոցիալական անհավասարության վրա, այլև պատկերում է մի հեռանկար՝ ի հակադրություն գոյություն ունեցող հասարակարգի: «Չարին չհակառակելու» հետադիմական ուսմունքին նա հակադրել է չարին հակառակելու և նրան ոչնչացնելու իր սեփական ուսմունքը, որը ցայտուն արտահայտություն է ստացել նրա թե՛ վիպական գործերում ու բանաստեղծական երկերում և թե՛, մանավանղ, հեքիաթներում ու հրապարակախոսական հոդվածներում: Դրա հետ միասին նա փայփայել է սոցիալական մի երազանք, տիրապետող «համատարած թշվառությանը» փոխարինող սոցիալական հավասարության մի գեղեցիկ հեռանկար:

Աղայանը չի հանգել, ավելի ճիշտ, ի վիճակի չէր հանգելու գիտական սոցիալիզմին, նրա միտքը կարողացել է հասնել միայն նախամարքսյան սոցիալիզմի գաղափարներին, բայց հենց այդքանով էլ նա լուսավոր հետք է թողել 19-րդ դ. երկրորդ կեսի հայ հասարակական մտքի պատմության մեջ:


12

Աղայանի գրական ժառանգության մեջ ակնառու տեղ են գրավում նրա լեզվաբանական աշխատությունները, որոնցում շոշափված և ինքնուրույնաբար լուծված հարցերը վկայում են, որ Աղայանը հմուտ ու տաղանդավոր մանկավարժ լինելով, միաժամանակ և խորիմաց լեզվաբան է: Թումանյանի բառերով ասենք, որ մեծ ինքնուսն այս «ճյուղի մեջ էլ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և երբեք չի եղել երկրորդը» իր ժամանակի (19-րդ դ. վերջին քառորդի