Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/275

Այս էջը հաստատված է

ո՞րտեղ է լսած, որ միևնույն ընտանիքի անդամները երկու իրար հակառակ ուղղությամբ կրթություն ստանան, մինը ձգտի դեպի հյուսիս, մյուսը դեպի հարավ։ Մի՞թե սա պատերազմ չէ, պատերազմ հոգենվաճման, լեզվակալության, ազգասպանության... Եվ դու կարծում ես, թե մի թեմական տեսուչ՝ իր անխարան ճակատովը, իր անմտրակ ձեռքովը, իր դարտակ ջեբովը՝ պիտի կարողանա պատերազմել իր դեմ բարձրացած այդ արտաքին և ներքին ամեհի լեգեոնների դեմ...

— Դու ինձ սարսափեցնում ես, Միքայել։ Ես դեռ չեմ կարծել, որ մենք մի այդպիսի վտանգավոր վիճակի մեջ ենք։ Միթե այդ բանը չի՞ տեսնում մեր հոգևոր իշխանությունը։

— Տեսնում է, բայց չի նկատում, նկատում է, բայց չի ցավում, բայց չի գործում, գործում է, բայց սո՜ւտ ու սո՜ւտ․․․

— Այդ շատ էր գրաբար, Միքայել, ես չհասկացա։

— Ասածիս աշխարհաբարն այս է։ Մեր հոգևոր իշխանությունը բոլորովին անհոգ է։ Նա ազգային լուսավորության մասին հոգս չի քաշում, բայց ցույց է տալիս, թե քաշում է, և բավական է համարում, որ ժողովուրդը հավատացած լինի, թե նա հոգս է անում այդ մասին։ Նշանակում է թեմական վերատեսուչներ, օրհնության կոնդակներ է ուղարկում նորընտիր հոգաբարձուներին, «Արարատ» ամսագիրն այդ «անխոնջ աշխատությունը» հռչակում է և դրանով վերջանում է ամենայն ինչ։ Նա չունի լուսավորության ոչ դիվան և ոչ սնդուկ։ Բայց և քանի՜ քանի՜ միջոցներ է գործ դնում, որոնք գլխովին հակառակ և արգելք են ազգային լուսավորության։

— Զո՞րօրինակ։

— Էլ ի՞նչ օրինակ, մի՞թե ինքդ չգիտես։ Նա մեզ տալիս է ալնպիսի քահանաներ, որոնք ոչ միայն անգրագետ են, այլև անգրագետ աշխարհականի խելքից էլ են զուրկ։ Դրանք՝ շատ աննշան բացառությամբ, կարծես գիտությամբ ընտրված միանման ապուշ, հոգեկան և մտավոր պահանջից զուրկ, անասնական գլխապահության բնազդում միայն ունեցող, գլխահարկից փախած՝ և իրանց որդոց ճակատներին մի օր խարան տեսնելու փափագով ծախու փիլոն առած՝ քահանայապետ մարդակերներ են։ Եվ բացի վնասից ո՞վ է դրանցից մի օգուտ տեսնում, եթե ոչ դրանց օրհնողները միայն, որոնց հարկ էր