Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Այս էջը հաստատված է
Բ
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Տեր-Մաշառի խոտադեզի չարդախի տակը դրված երկայն տախտակի վերա ոտնակախ շարվել էին գյուղի առաջավոր մարդիկը, որոնցից որոշվում էր վերի ծայրում դոշակի վրա նստած եվրոպական հագուստով մի մարդ։ Սա թեմական վերատեսուչն էր։

Գյուղացիք իմացան, որ իրանց նոր պաշտոնով նոր եկած հյուրի անունը Գրիգոր է, բայց չէին իմանում, թե հետը խոսելիս ինչ տիտղոս կպցնեն նրա անվանը։ Մեկն ասում էր՝ տիրացու Գրիգոր, մյուսը տեսնում էր, որ նա տիրացու չէ, ասում էր Գրիգոր-բեկ, մի ուրիշն ասում էր Գրիգոր աղա, կային ասողներ և Գրիգոր վարժապետ, Գրիգոր թեմակալ։ Այս զանազան տիտղոսներից թեմական վերատեսչին ազատեց Միքայել վարժապետը, անվանելով նրան պարոն տեսուչ, և իբրև վարժապետ, այդ բառն այնքան կրկնեց, որ ամենի համար գործածական դարձավ։ Մեր թեմականի տեղ եթե մի ուրիշը լիներ, գուցե նեղանար, թե ինչո՞ւ իրան տեսուչ են ասում և ոչ վերատեսուչ, բայց նա ավելի ուրախ կլիներ, որ իրան սոսկ Գրիգոր ասեին, միայն թե իր առաջարկություններին կատարում տային։ Նա ոչ մի տիտղոսից չէր նեղանում յուր մտքումը բացի բեկ տիտղոսից, որ նա ատելով ատում էր, և եթե այդ տիտղոսը տար նրան իրեն ճանաչողներից կամ ընկերներից մինը, նա այդ կընդուներ իբրև մի հայհոյանք։

Գրիգորը միջահասակ մի երիտասարդ էր՝ մոտ երեսուն կամ քառասուն տարեկան։ Նա անմորուք էր, այսինքն գերծում էր երեսը և ուրիշ ոչ մի առանձին հատկություն չուներ, միայն նրա կազմվածքին նայողը կկարծեր, թե նա ոտքից մինչև գլուխ մի կանոնավոր պրիզմայաձև կաղապարով է ձուլված։

Գյուղացիք, որ հետաքրքիր երեխայի բնավորություն ունին, տեղի և անտեղի հարց ու փորձով ծանրաբեռնում էին խեղճ թեմական վերատեսչին և ձանձրացնում։ Ի բնե սակավախոս Գրիգորի համար դրանից մեծ պատիժ կարող չէր լինել։