Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/278

Այս էջը հաստատված է

— Պարոն տեսուչ, քանի՞ երեխա ունիս,— հարցնում էր մեկը։

— Ես երեխա չունիմ,— պատասխանում էր Գրիգորը։

— Բնավ չի՞ եղած, թե չե՞ն ապրում։

— Չեն եղած...

— Խե՜ղճ... քանի՞ տարի կլինի ձեր ամուսնանալուն։

— Ես չե՛մ ամուսնացած...

— Ա՛յ օրհնված, դե ասա կին չունիմ, էլ երեխան ո՞րտեղից կլինի... Ուրեմն վարդապե՞տ եք դառնալու, ե՞րբ եք ձեռնադրվելու...

Գրիգորը լսում էր և ոչինչ չէր պատասխանում, որ գուցե վերջ տա այդ մարդու հարց ու փորձին, բայց դրանից ազատվելով՝ մի ուրիշի ձեռքն էր ընկնում։ Մինը հարցնում էր, թե նա քանի լեզու գիտե, մյուսը, թե քանի չին ունի, մի ուրիշը, թե տարին քանի մանեթ է ստանում... Նորան այս անտեղի հարց ու փորձից ազատեց Արզուման ապերը, գյուղի պատվավոր իշխաններից մինը, որ շատ չար ու բարի տեսած՝ նորերի ապականությունից ազատ մնացած և հին պարզ-հայկական կյանքով ու խոսքով ապրող մի պատկառելի ծերունի էր։ Երբ որ նա եկավ, ամենքը տեղներից վեր կացան և նրան տեսչի մոտ նստեցրին։ Արզուման ապերը տեսչի կողքին նստելով բարևեց նրան ասելով․— «բարով եք եկել, հազար բարի, մեր աչքի լույսն եք, մեր գլխի վերա տեղ ունիք»։... և բռնոթու պարկի կապը բաց անելով՝ շարունակեց. «Է՜, ի՞նչ ունիք հայտնելու մեզ, պարո՛ն, ասացեք, տեսնենք ինչ ենք անելու, լսեցի, որ եկել եք մեր շենումը ուսումնարան բաց անեք»...

Թեման տեսուչը տեսավ, որ էլի շատ մարդիկ եկան և գլուխ տալով նստեցին որը մի քարի վերա, որը գետնին, ուզեց մի քանի խոսքով հասկացնել նրանց իր այցելության նպատակը, ուստի դառնալով տանուտերին, ասաց.

— Պարոն տանուտեր, կարծեմ ձեր գյուղի բոլոր իշխան մարդիկն այստեղ են, և ես կարող եմ հայտնել, թե ինչու համար եմ եկել։

— Դե ես ինչ իմանամ, իրենք գիտեն։ Ես մի երեխա ունիմ, էն է թագավորական շկոլումը. հիմի չեթվերթի կլասումն է...