Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/279

Այս էջը հաստատված է

Դե ես ինչ իմանամ, իրենք գիտեն, իրանց երեխանց համար ես եկել։

Թեմական տեսչի վերա տանուտերի այդ ոճով խոսելը շատ վատ տպավորություն գործեց, մանավանդ շկոլն ու չեթվերթի կլասը։ Նա մի րոպեաչափ գլուխը քաշ ձգեց և հետո խոսքը տերտերին դարձրեց․

— Տե՛ր հայր, էլի մարդիկ ունի՞ս կանչելու, թե կարելի է արդեն գործ սկսել...

— Պարոն տեսուչ, դրանք որքան քիչ լինին, այնքան լավ է։ Եթե գան լցվին, էլ իրար խոսք չեն հասկանալ, կսկսեն տակից գլխից դուրս տալ։ Կարծում եք ես քի՞չ եմ խոսել, քի՞չ եմ քարոզել, ա՜յ, թող վկա լինին։ Քանի-քանի անգամ ասած կլինեմ, թե ժամանակս փոխվել է, հիմի հարկավոր է մեր որդոցը ուսում տալ, որ գնան մարդ դառնան, մի կտոր հացի տեր լինին, մեզ նման մաճ չբռնեն, գութան չքշեն, գնան թագավորի փեշը բռնեն, մարդիկ քշեն, ինչպես Քրիստոս ասել է․ «Ծառայք հնազանդ լերուք ձեր տերերին և ես զձեզ մարդկանց որսորդ կշինեմ․․․»։ Ծառա՛ եմ, ես այնքան կարդալ չգիտեմ, մեղքս ինչ թաքցնեմ, չեմ էլ ասում, թե բերեք ձեր երեխեքը ես կարդացնեմ, չունքի ես ոչ ռուսերեն եմ գիտում, ոչ արիփմետիկա, ոչ էլ իմ երեխանց համար է իմ ասելը։ Իմ երեխեքն էլ են հրեն քաղաքի շկոլումը, ըստարշի ուչիթելին կշտին, էս տարի էլ փոխվել են ըֆտարոյ կլասը։

Եվ եղև ետինն չար քան զառաջինն․․․ Մեր տեսուչը տանուտերի ոճիցն էր զզված, տերտերինը նրանից անց կացավ։ Շատ լավ նշմարում էր, որ թե՛ տանուտերը և թե՛ տերտերը ընդդեմ են ուսումնարան բացվելուն, բայց մինչդեռ ինքը մտածում էր, թե ի՛նչ խոսի արդյոք և ինչպես խոսի, արդեն կռիվն սկսվել էր․․․

— Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ուզում ասել, տերտեր,— ասաց Արզումանը ծեր մարդկանց հատուկ բարկությամբ։— Քո տղերքն շկոլումն են, քյոխվինը շկոլումն են։ Ձեր ասելով շկոլն եք ուղարկել, որ այնտեղ մարդիկ քշել սովորեն, բայց մեր քյոխվան ու դու առանց շկոլի երես տեսնելու էլ՝ շատ լավ եք քշում մեզ։ Առանց մեզ հարցնելու մեր անուններն ստորագրում եք՝ տալիս մարդ քշողներին, բայց