Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Այս էջը հաստատված է

— Այդ շատ լավ եք ասում, պարոն Միքայել. բայց մի՞թե չգիտեք, որ հոգևոր իշխանությունը այդպես էլ արել է, այսինքն ձեր ասած տուրքերի մի մասը ազգային հոգևոր դպրանոցին է հատկացրել։

— Ազգային հոգևոր դպրանո՜ց․․․ անունը մեծ՝ մեջը փուչ։ Ձեր քաղաքի այդ ուսումնարանը, որ ազգային հոգևոր դպրանոցի մեծ տիտղոսն ունի, ես լավ գիտեմ, որ նա ոչ միայն իմ ասած տուրքի մի մասն է տանում, այսինքն ամբողջ սրբադրամը, այլ տանում է նաև բոլոր ուխտատեղյաց արդյունքը, սեփականել է բոլոր վանքերի անհուն կալվածները, նա է ստանում ամբողջ վիճակի մոմավաճառության արդյունքը, պսակահասից մասն է ստանում, մետրիկական վկայականներից ստանում է, էլ չգիտեմ որ մեկն ասեմ։ Եվ թող տանե, թող դրա կրկնապատիկը, եռապատիկը տանե, խոսք չունիմ ասելու, բայց ոչ թե տանե կուլ տա, այլ մի արդյունք ցույց տա։ Մի՞թե այդ ահագին արտոնությունը վայելելու փոխարեն նա ոչ չնչին պարտականություն չունի՞։ Գիտեմ, պիտի ասեք ունի, և այդ այն է, որ նա պիտի վիճակին տա բարեկրթված քահանաներ, հմուտ ուսուցիչներ։ Ցույց տվեք այսօր, չեմ ասում բարեկրթված և ուսյալ, այլ ինչպես էլ որ լինի, մի հատ քահանա, կամ մի հատ ուսուցիչ, որ այդտեղից լինի դուրս եկած։ Ինչպես ասացի, քառասուն տարուց ավելի է, որ մենք գյուղացիքս այդ ուսումնարանին անընդհատ հարկ ենք տալիս և վերջ ի վերջո բանից դուրս է գալիս, որ մեր դառը քրտնքով աշխատած փողով ձեր քաղաքացիք մեզ ոչ թե քահանա կամ ուսուցիչ են տալիս, այլ ոսկի շարքեր են շինել տալիս և իրանց հարսների ճակատից կախում... Այդպես կարող են անել միայն անբարոյականության ամենավատթար աստիճանի մեջ գտնվող անսիրտ և անհոգի չարչիները։ Այդպես կարող են անել միայն Բրքիշոյի և Շմուելիի ցածուն արբանյակները։

Թեմական տեսուչը շատ լավ զգում էր, որ Միքայելի ասածներն ինչքան մաղձոտ՝ նույնքան և ճշմարիտ էին. Միքայելը, ինչպես կասեն, նրա սրտիցն էր ջուր խմում, բայց իբրև պաշտոնական անձն, իբրև հոգևոր վարչության պաշտոնյա, անհարմար էր համարում ցույց տալ, որ համակիր է