Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/284

Այս էջը հաստատված է

նրա ասածներին, ուստի կամենալով վերջ տալ այդ խոսակցությանը, դարձավ դեպի տերտերը հետագա հարցումով․

— Մի՞թե ճշմարիտ է, որ ձեր գյուղացիք արդեն ստորագրություն են տվել, թե ցանկանում են... ուսումնարան ունենալ։

— Ես չգիտեմ, պարոն տեսուչ, ես էլ ձեզ պես լսել եմ, որ այդպես մի բան են արել, և մենակ մեր գյուղացիք չեն, որ համաձայնել են, բոլոր գյուղերից էլ ստորագրություն են հավաքել այս քանի օրս։ Բայց դուք ինչպե՞ս եք կարծում, մի՞թե դա վատ բան է...

— Այսինքն՝ «պա՞րտ է տալ զհարկ եթե ոչ»,— ավելացրեց Առստամը հեգնաբար, քահանայի հարցումից վրդովվելով։ Բայց թեմականը շուտ վրդովվող չէր, նա մի վայրկյան գլուխը քաշ գցեց և քթի տակ մռմռալով ասաց․

— Ես չասացի թե վատ բան է, բայց ինձ հարկավոր է իմանալ, որ էլ զուր տեղը սար ու ձոր չընկնիմ։ Ուսումնարանն ուսումնարան է, ով կուզի թող բաց անե, այդ մեզ համար միևնույն է․․․

— Իհարկե միևնույն է, տեր հայր,— խոսքը հաստատեց Առստամը։— «Պարտ է տալ զԿիրակոսին Կիրակոսի և զՄարկոսին Կիրակոսի»։ Այսպես չէ՞ տեր-հայր։

— Ավետարանումն այդպես չի ասված,— պատասխանեց տերտերը։

— Ինչպե՞ս չի ասված։ Ավետարանում չի՞ ասված միթե, որ եթե մեկը քո բաճկոնը խլե, շապիկդ էլ տուր նրան, որ կնշանակե՝ թե մեկը քո աղջիկդ խլե, պետք է կնիկդ էլ տաս նրան․․․

Առստամի այս խոսքը թնդացրեց տերտերին, երևի նրա ձգած քարը տերտերի ցաված տեղին դիպավ․․․

Տեսուչը տեսավ, որ սրանց վեճն ավելի պիտի թնդվի, վեր կացավ տեղիցը և հրամայեց իր ձիավորին, որ ձիանը դուրս քաշե։ Տերտերը շատ ստիպեց, որ մնա, բայց նա չհոժարեց, հեծավ ձին և երեսը շրջեց դեպի Իսրայելի մյուս գյուղերը... Միքայելը նրան գնաս բարով ասելիս՝ մի ծրար տվավ և ասաց, որ ճանապարհին բաց անի կարդ․․․