Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/290

Այս էջը հաստատված է

ազգային ուսումնարաններ։ Եվ դու, որ հիմա մեր ժողովրդի վրա նայում ես իբրև անբան արարածների վրա, իբրև միայն ֆիզիկական օրենքների տակ նվաճված ֆիզիկական մարմնի վերա, շուտով կտեսնես, որ նա ոչ ծառ է, ոչ քար, և ոչ անասուն, այլ ունի հոգի, բանականություն և այդ ցույց կտա նա քեզպեսների ճակատների վերա դրոշմելով մի նոր խարան, խարան աղվեսադրոշմ, և եթե շամփրով կպսակե քեզպիսի մարդասերների դդում գլուխը...

— Հա՜... հա՜... հա՜... հա՜... ի՛նչ հանկարծ տաքացար, մեր տղա։ Մի՛ վշտանար, ես քեզանից պակաս հայ չեմ, իմ սիրտն Էլ է ցավում, բայց ինչ արած, ինչ որ ճշմարիտ է, նա ցնորք չէ... է՛հ, թողնենք այդ անախորժ խոսակցությունը, հիշենք մեր հին բարեկամությունը, երբ ոչ մի հասարակական հոգս մեզ չէր զբաղեցնում և իրար դեմ թշնամացնում։ Ահա մտնում ենք գյուղը, դու ո՞րտեղ պիտի իջնես...

— Իհարկե քեզ հետ չեմ իջնիլ ոչ մի տեղ... դու կերթաս քո քյոխվի մոտ, ես իմ տերտերի։ Ես առավոտը շուտով կհեռանամ, որ էլ քո սև երեսը չտեսնեմ: Ասած է՝ «Հայի տունը որ հայը չքանդե, աշխարհ վեր կենա, ոչինչ չի կարող անել»,— ասաց թեմական տեսուչը և իր ձին մտրակելով՝ բաժանվեցավ իր պաշտոնակցից։


Ե

ԱՊԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՋԵՐ

Առաջնորդանիստ Արշակավան քաղաքումը կային մասնավոր կոչված ուսումնարաններ՝ թվով քսանից ավելի։ Թեմական տեսուչն ուզեց իմանալ, թե ինչ ուսումնարաններ են դրանք և ինչ ուսում ու ինչպես է ավանդվում դրանցում։

Այդ ուսումնարանի անուն կրող բույները մին քան զմյուսը վատթար, նեղվածք, խոնավ և մթին որջեր էին, իսկ վարժապետները անկիրթ, հարբեցող, անբարոյական և գազանաբար մարդակերպ կենդանիներ։ Դրանք թեմական տեսչին ընդունում էին իբրև մի օտար մարդու, որ իրանց կարծիքով