Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/292

Այս էջը հաստատված է

Այսպիսի ուսումնարաններ պահող վարդապետների թվում կային և փոխասաց տիրացուներ և անգրագետ քահանաներ, որոնք մասնավոր ուսումնարաններ պահելու իրավունք էին ստացած, բայց ոչ հոգևոր իշխանությունից։ Այս հոգևորականները ետ չմնալով ծիսակատարությունից, օրվա մեծ մասը առանց հսկողության էին թողնում իրանց ուսումնարանները, և դրանցից հառաջ էր գալիս ամեն տեսակ զազրելի աղտեղություն, որից զուրկ չէին մյուս բոլոր ուսումնաբույներն ևս։

Թեմական տեսուչը այդ շենքերը «ապականության որջեր» անունով դրոշմեց և հարկավոր համարեց դրանց վրա դարձնել տեղական վարչության «խորին» ուշադրությունը։ Տեղական գավառապետը, բժշկապետը, քաղաքապետը, ուսուցչապետը և ուրիշ մի քանի պետեր խորհուրդ կազմեցին, խելք խելքի տվին և վերջ ի վերջո գտան, որ այդ ապականության որջերը շատ շահավետ հաստատություններ են։ Թե ինչ կետից նայած այդ շոշափելի սևը սպիտակի գույն առավ, դա մնաց նրանց կարծիքով իբրև մի դիվանական գաղտնիք։

— Ոչինչ չի հասկանում հայոց թեմական տեսուչը,— վճռեցին նրանք,— կամ երևի ուզում է յուր իշխանության տակն առնել...

Թեմական տեսուչը շատ լավ էր հասկանում, որ դրանք կոյուղիներ էին, որոնք թափվում էին ապականության մեծ գբի մեջ։ Եթե դրանք փակվեին, անմիջապես կցամաքեր որդնալից գուբը․․․


Զ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՉԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Արշակավանումը կային և բարեգործական անուն կրող ուսումնարաններ։ Դրանցում հակակրթվում էին ապագա հայ սերնդի հայրերն ու մայրերը, թեմական տեսուչը այդ հիմնարկությունների ներքին գործերին միջամտելու իրավունք չուներ։ Բարեգործության բարի անդամները մի դյուրին հնարք էին գտել իրանց աղջկերանցն ու տղերանցը կարճ միջոցում