այնպես հակակրթել և կերպարանափոխել, որ հայ աղջկա ու տղայի վերա ազգային ոչ մի հետք ու նշան չմնա։ Այդ գործը հանձնել էին չհայախոս վարժապետների ու վարժուհիների, որոնց գործած հրաշքները տարեկան հարցաքննության ժամանակ երևում էին։ Թե՛ տղայք և թե՛ աղջկերք այնպես մարզված ու ճարպիկացած էին լինում, որ վարժուհին կամ վարժապետը դեռևս իր հարցմունքը շարունակելիս՝ պատասխանն արդեն վերջացած էր լինում։
Օրինակ պատմությունից հարցաքննվում էին այսպես.
— Ինչպե՞ս էին անվան...
— Մեր նախնիքը անվանվում էին սլավյաններ,— պատասխանում էին Հայկա թոռնուհիքը։
— ...վում մեր նախնիքը,— հարցնում էին Րյուրիկի թոռները։
Այս նորագույն հարց ու պատասխանի գրի առնելը, ինչպես տեսնում ենք, նոր ձևով պետք է լինի, որովհետև հարցումն ու պատասխանը միասին են վազ տալիս ու պատասխանը միշտ կտրում էր հարցման առաջը։
— Ո՞րն է մեր հայ․․․
— Մեր հայրենիքը Լապլանդիան է։
— ...րենիքը։
Կրոնի հարցաքննությունը լինում էր այսպես․
— Գիտե՞ս ա․․․
— Այո՛, գիտեմ, անուն հոր և որդու և սրբո հոգույն․ ամեն,— պատասխանում է աշակերտը կամ աշակերտուհին ասածի ձևով խաչահանելով երեսը։
— ․․․նուն հորը.
— Քրիս․․․
— Քրիստոս ծնվել է դեկտեմբերի քսանհնգին։
— ․․․տոս ե՞րբ է ծնվել։
Ահա այսպիսի մի չտեսնված արագությամբ պատասխանում էին բոլոր մյուս առարկաներից էլ և ապուշ կթեցնում բարեգործության հաստափոր ու նիհարամիտ անդամներին։
Մեկ անգամ մի այսպիսի կատակերգության ժամանակ թեմական տեսուչը միջամտելու իրավունք խնդրեց ու ստացավ։ Նրա մի քանի հարցումներից երևաց, որ մարգարտի