Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/295

Այս էջը հաստատված է

կրոնուսույցը շատ ծույլ, տգետ և իր պաշտոնին անհարմար մարդ է, շատ լավ իմանալով, որ դրանք են համարված լավ հատկություններ, այլ թե՝ «շատ ազգասեր է, կրոնի պատմության հետ խառնում է ազգային պատմությունը, սաստիկ կրոնամոլ է, կարծում է, թե իր ազգային կրոնից դուրս՝ հային փրկություն չկա, հայոց լեզուն ադամախոս է համարում, կարծում է թե աշխարհիս երեսին չկա մի այլ լեզու, որ հայոց լեզվի ճոխությունը ունենա, նրա չափ ճկուն, նրա չափ քաղցրահնչյուն լինի»։ Այս խոսքերը համարվում էին «մատնություն» և իրար հաց կտրելու ամենադյուրին հնար։

Ուսումնարանի տեսուչը հայերեն չիմանալով՝ հավատում էր այդ մատնություններին և կրոնուսույց քահանային յուր մոտ կանչելով՝ հանդիմանում, իսկ քահանան ինքն իրան արդարացնելու համար ահա թե ինչ էր պատասխանում․

— Պարոն դիրեկտոր, հավատացնում եմ ձեզ, երդվում եմ իմ աստուծովս, իմ կարգովս, իմ որդոց արևովը, որ այդ բոլորը սուտ է, որ ես ամենևի՛ն, ամենևի՛ն... ազգասեր չեմ։ Չէ՞ որ ես կրոնի ուսուցիչ եմ, մի՞թե ես չգիտեմ, որ «չի՛ք խտիր ո՛չ հրեի և ո՛չ հեթանոսի, ոչ ծառայի և ոչ ազատի, զի մեք ամենեքին մի եմք ի Քրիստոս Հիսուս»։ Ընդհակառակն, պարոն դիրեկտոր, մի՞թե դուք չգիտեք, որ ես աշխատում եմ մեր մեջ եղած արհեստական միջնորմը խորտակել։ Քանի՜ անգամ աշակերտներն ինձ ասել են, թե «մեզ այսօր տոն է, ինչո՛ւ չեք արձակում», ես նրանց հասկացրել եմ, որ տոնը միևնույն է, տարվա ո՛ր օրը կուզի թող լինի․ շատ անգամ նրանք ինձ ասել են, թե՝ «ինչո՞ւ հայերեն շարադրություն չես անել տալիս մեզ», ես իրանց ասել եմ՝ «ժամանակներդ զուր մի՛ անց կացնեք, հայերենը ձեզ հաց չի տալու, աշխատեցեք հացատու լեզուն սովորել»։ Դուք արդեն գիտեք, որ տարվա մեջ ես ունիմ ընդամենը երեսունվեց դաս, դրանցից տասը՝ տոն օր է պատահում, մի տասն անգամ ես եմ բացակա գտնվում, մի քանի անգամ էլ իրանք աշակերտներն են փախչում, և այսպես վերջ ի վերջո ոչ կրոն է սովորվում, ոչ լեզու, մանավանդ որ դա մի պարտադիր առարկա չէ, չգիտենալու համար ոչ ոք չի մնալու իր առաջվան տեղը, ուրեմն ես, աստված մի՛ արասցե, եթե ուզենամ էլ, ինչպե՞ս կարող եմ նրանց մեջ կրոնի կամ լեզվի