Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/296

Այս էջը հաստատված է

սեր ձգել։ Չէ՛, պարոն դիրեկտոր, հավատացնում եմ ձեզ, որ իմ մասին ինչ որ ասել են, բոլորովին զրպարտություն է, իմ մեջ ազգասիրություն ասածդ ամենևին․․․ չկա։

— Եթե այդպես է, բա ինչո՞ւ համար սրբազան պատմությունը հայերեն եք սովորեցնում, քա՛նի անգամ պատվիրել եմ, որ այդպես չանեք։

— Պարոն դիրեկտոր, ես էլի այնպես եմ անում, ինչպես դուք եք հրամայել, ես միշտ թարգմանել եմ տալիս, բայց եթե բոլորովին դադարեցնեմ իրանց լեզվով ավանդելը, իմ մեծը կիմանա և ինձ կարտաքսե։ Եթե ուզում եք, այդ իրավունքը ձեռք բերեք, ես ուրախությամբ կկատարեմ։ Կարող եք ուրիշ կերպով էլ անել։ Ես այնպես դաս կտամ, ինչպես դուք եք ուզում, բայց երբ որ ինձ մատնեն, դուք պաշտոնապես հերքեցեք և ասացեք սուտ է, բոլորովին այդպես բան չի եղած։

— Շատ բարի։ Ես կարող եմ մինչև անգամ քննությամբ էլ հաստատել, որ ձեզ զրպարտել են, միայն դուք այնպես արեք, ինչպես ես պատվիրում եմ, եթե ոչ ես ձեր տեղ ուրիշին նշանակել կտամ, պատճառ բերելով՝ որ դուք լավ չեք սորվեցնում ձեր լեզուն ու կրոնը և ոչ մի արդյունք չեք ցույց տալիս։ Գիտե՞ք որ այդ բանն աշկարա է և ապացույցի կարոտ չէ։ Ժողովուրդն էլ կուրախանա, որ ձեզանից լավին եմ ընտրում ու իրանց մայրենի լեզվին ու կրոնին նշանակություն եմ տալիս։

— Իհարկե, պարոն դիրեկտոր, դուք ամեն ինչ կարող եք անել, մի՞թե այդքանը ես չգիտեմ։ Բայց աղաչում եմ ձեզ, պաղատում եմ, իմ բուկս մի՛ կտրեք, ես տուն ունիմ, երեխեք ունիմ, ես պատրաստ եմ ձեր հրամանից մի կետի չափ չշեղվել...

Մի քանի օրից հետո այս միևնույն քահանային հանդիպում է թեմական տեսուչը և ասում.

— Տե՛ր հայր, իմ ականջս է հասնում, որ դուք ձեր դասերին չեք գնում, ու ամիսը մեկ անգամ գնում եք ձեր դասերի տեղն ստորագրում, թե «պարապեցայ» և աշակերտների անվան դիմացն էլ ցուցակի մեջ թվանշաններ դնում, իբր դաս հարցրած...

— Այդ ո՞վ է ասում, այդ բոլորովին զրպարտություն է.