Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/303

Այս էջը հաստատված է

նվազել է և համարյա կտրվել է բոլորովին, առաջ սաստիկ է եղել։

Մեր հիշած Շինակ գյուղում, նրա շեն ժամանակ, կենում էր մի միջահասակ տղամարդ՝ Մակար անունով։ Մակարը շատ հոգեսեր և արդար մարդ էր և ճգնության երթալու սաստիկ տրամադիր։ Արդեն քսան տարուց ավելի էր, որ ամուսնացած էր, կինը ողջ էր, և մի որդի էլ ուներ Մարկոս անունով, բնավորությամբ բոլորովին հոր նման։ Մակարն ուզում էր կնոջից ջոկ ապրել և ապաշխարել իր քսան տարվա ամուսնության հանցանքը։ Քանի անգամ փորձեց բարձրանալ անմատչելի քարայրից մեկը, բայց չկարողացավ, վերջը վճռեց ջաղացպան դառնալ, գիշեր ցերեկ այնտեղ մնալ և տան երես չտեսնել։

Կնոջ համար մարդու այս արարմունքը շատ հաճելի էր— նա էլ իր տան մեջ առանձնացավ, փաթաթեց երեսը հաստ քողով և ուխտ դրավ, որ էլ մարդու երես չտեսնի։ Բայց սրա ապաշխարությունը երկար չտևեց։ Հինգ տարի չանցած՝ վախճանվեց, թողնելով քսան տարեկան Մարկոսին մեն-մենակ։ Շատ չքաշեց մեռավ և Մակար ջաղացպանը։

Ջաղացպանը, որ ամենքին ինքն էր հաց տալիս, համարյա սովամահ եղավ։ Սովամահ այնպես, որ օրերով և շաբաթներով ծոմ էր պահում միշտ, ուտիսեղեն ամենևին չէր ուտում և ոչ ուրիշ այնպիսի կերակուր, որից սնունդի հոտ էր գալիս և կարող էր իրան փոքր-ինչ զվարթություն տալ։ Այսպես ինքն իրան այնքան մաշեց, որ դառավ մի կենդանի կմախք։ Նրա հոգին այնպես փախավ, որ մարմինը չիմացավ, այլ մնաց փայտի պես ջաղացի մի քնջումը կռթնած․․․

Խեղճ Մարկոսը մնաց մեն-մենակ։ Մոր տեղը բռնեց իր մորաքույրը, որ մեկ կողմից կառավարում էր Մարկոսի տունը, մյուս կողմից՝ հորդորում նրան որ ամուսնանա, ասելով.

— Ես խոմ չեմ կարող ամեն օր քեզ համար մշակություն անել, քեզ համար ջուր կրել, կովերդ կթել, հացդ թխել, շորերդ գործել, կարել, կարկատել, լվանալ, տունդ սրբել, վեր քաղել, կերակուրդ եփել։ Չէ՛, որդի՛, կամ ինչ ունես չունես, պետք է ծախես, ծախծխես, գնաս մեկի մոտ ծառա մտնես,