Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Այս էջը հաստատված է

Նախշունն իսկույն առավ պառավի ձեռքից ասեղն ու թելը, ասեղը թելեց, բռնեց Մարկոսի յախեն և սկսեց կապ տալ, այսինքն չախի ծայրը շապկիցը կարել։

Մարկոսը մնացել էր կանգնած կախարդվածի նման։ Երբ աղջիկը բռնեց յախեն, Մարկոսը, որ ավելի երկայն էր աղջկանից, հարկադրվեցավ մեջքը կզացնել և գլուխը թեքել դեպի աղջիկը։ Նախշունի փափուկ ու ջերմ մատները դիպան Մարկոսի բաց պարանոցին։ Մարկոսն զգաց մի զմայլելի շփումն։ Երկու շնչերն իրար խառնվեցին։ Մարկոսն զգաց մի տեսակ ներքին ջղային ցնցում, ինչպես էլեկտրական թեթև հարվածից։ նա տրոփում էր ամբողջ մարմնով, և նույն րոպեին հազում էր առատ֊առատ, որ կարծվի թե իր ցնցումները հազալուց են առաջ գալիս։ Թեթև վիճակի մեջ չընկավ և Նախշունը։ Նա մագնիսացավ։ նրա ձեռքը ասեղի հետ սկսեց դողալ, ինչպես մագնիսի սլաքը երկաթի առաջ, փոխադարձ ցնցումները սաստկացան։ Նրանց շրթունքները մի աներևույթ զորության մղմամբ մոտեցան միմյանց և երկուսն էլ թուլացան...


4

Այս անցքից հետո մի բոլորովին ուրիշ մարդ դառավ Մարկոսը և ուրիշ աշխարհ ընկավ։

Ի՞նչ կզգա արդյոք անմահական պտղից ճաշակած մեկը, ես չգիտեմ, բայց պետք է որ մահկանացուների զգացածից շատ բարձր, շատ վսեմ լինի։

Մարդկային լեզուն անզոր է նույնիսկ աշխարհային կյանքի մեջ հազարից մեկ անգամ պատահող երջանիկ րոպեի քաղցրությունը նկարագրելու։ Ինչպես նկարագրես, ի՞նչ ասես, ինչի՞ նմանեցնես։ Մի բան, որ աշխարհայինից բարձրանում՝ երկնային է դառնում, նրա պատկերը ոչ վրձին կարող է նկարել, ոչ գրել՝ նկարագրել։


5

Գյուլնազ տատիկը լռել էր, ինչպես սկեսուրից թաքուն մի բան արած հարս։ Էլ չէր ասում Մարկոսին, թե ե՞րբ ես նշան դնում, երբ ես ուզում հարսնիք անել, կամ Նախշունին