Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Այս էջը հաստատված է

ընկնում, փաթաթվում, կուրծք կրծքի են տալիս՝ ու այսօր ես մեռել, թե էգուց, ուշաթափվում, վայր ընկնում։

— Ախչի, դու այդ ես ասում, բա այն չես ասում, որ վրա ենք հասել, ջուր ածել, ետ բերել, բայց նրանք էլի չեն գջլվում մեկմեկուց, ավելի են գրկում իրար, ավելի համբուրում։ Մարկոսը որ դունչը չէր դնում Նախշունի երկու ծծի արանքը, հոտ քաշում, ու վայ անում, մեկէլ աղջկերանց սրտերը տրփում էր, բերանների ջուրը գնում։ Այսպես խայտառակ բան ո՞վ է տեսել կամ լսել։ Էլ ոչ ամոթ էր մնացել երեսներին, ոչ աբուռ։ Ախչի, Մարկոսը Նախշունի պռոշները բերանն էր առնում ու մի գլուխ ծծում ու ծծում, ինչպես յոթը տարվան ծարավ մարդ՝ ծմծման աղբյուրի վրա ընկած։ Քրքրված Նախշունն էլ պակաս չէր նրանից։ Ձախ կուռը պատ էր տվել Մարկոսի շլնքովը, աչքը նրա աչքը գցել, այնպես էր մտիկ տալիս ժպիտը բերանին, որ կասենաս տասը տարվան կորած եղբորը լիներ գտած...

Եվ շատ այս տեսակ բաներ էին խոսում, բայց բոլորն էլ սուտ, իրանք էին հնարում, և իրանց ճաշակի ու սրտի ուզածի համեմատ ծաղկացնում։ Ընդհակառակն՝ խեղճերը հենց աչքները բաց արին թե չէ՝ իսկույն թև առան թռան վանդակից ազատված թռչունների պես, ամեն մեկը մի կողմով։ Նախշունն իսկույն իր սանդերքն առավ, փախավ գնաց իրանց տուն, մորն ասաց՝ գլուխս ցավում է, էնդուր եկա, իսկ Մարկոսը կացինը վերցրեց, քաշվեց դեպի անտառ, իբր փայտի էր գնում։ Բայց ինչ ասել կուզի, որ նրանց հոգին խաղաղ չէր, և մեր աղջկերանց ասածները թեև իրապես չկատարված, բայց նրանց երևակայության մեջ կատարվում կլինեին անշուշտ։

Մարկոսի ախորժակը կտրվել էր, քունը փախել, եռանդն անհետացել։ Նա էլ ո՛չ ուտում էր, ո՛չ խմում և ո՛չ կարողանում էր մի բանի կենալ, կամ ավելի ուղիղն ասած՝ կերածն ու խմածը չէր իմանում բերանովն է գնում, թե ականջովը։ Գիշերը քունը չէր տանում, բայց աչքերը խփում էր, որ երևակայությունն ավելի լավ ամփոփե, Նախշունի պատկերն առաջը բերե և նրա տեսքովը լիուլի զմայլի։

Անտանելի էր այս տանջանքը և միևնույն ժամանակ զմայլելի և զվարճալի։ Սակայն պետք էր մոտենային իրանց վախճանին,