Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/310

Այս էջը հաստատված է

պետք է հասնեին իրանց մուրազին։ Աչդ ցանկալի էր և փափագելի թե՛ տղայի և թե՛ աղջկա կողմից։ Ոչ մի արգելք չկար մեջտեղը։ Աղջկա ծնողքն ավելի ուրախ կլինեին, որ Մարկոսի նման մի սիրուն, առույգ, ժրաջան և մենակ մի գլուխ ունեցող փեսա կունենան և իրանց որդու պես կպահեն, կպահպանեն։ Այսպես ոչ միայն Նախշունի, այլ նրա հետ և նրա ծնողաց սերը մեկ տեղից միացած, Մարկոսի սիրտը քաշում, տանում էին դեպի իր ապագա աներանց տունը։

Նստում էր իրանց դռանը և աչքը ձգում նրանց դուռը։ Նրանց դռանն ինչ որ տեսնում էր, ամենն էլ իրան դուր էին գալիս։ Նրանց շան հաչելը, տավարի բառաչելը, ձիու խրխինջը, կտրին ածած փայտն ու ցախը, բուխարիկից դուրս եկող քուլա֊քուլա ծուխը, մի խոսքով՝ ամեն ինչ, որ նրանց տանն էր վերաբերում, կրում էր իր Նախշունի պատկերը, իմաց էր տալիս, որ այնտեղ էր իր Նախշունը, այն Նախշունը, որ նոր հոգի և նոր զորություն էր փչել նրա սրտի մեջ։ Սրանից պակաս չէր և Նախշունը։

— Ախչի՛, քոոանամ ես ու կուրանամ,— ասում էր Նախշունի մայրը, հանդիմանելով նրան։— Ախչի՛, այս ի՞նչ բան էր, որ մեր գլուխը բերիր, ողջ զեղի համար մի մատը լպստելու մեղր դառանք։

Ասում էր մայրը, և միևնույն ժամանակ Նախշունի գլուխը, իբր չուզենալով, քաշում, դնում ծնկանը, սանդրում, կոկում, հյուսում, և երեսին մտիկ տալով՝ հիանում, կասես նոր լիներ տեսնելիս, կամ ուզում լիներ տնտղեր, որ տեսնի՝ ի՞նչ կա նրանում, որ կարողացել է Մարկոսին գժվացնել։ Եվ մայրը չէր կարողանում իր կեղծ բարկությունը երկար շարունակել․ նա համբուրում էր աղջկա նախշուն աչքերից, բացականչելով․ «Նանը մատա՜ղ չախմուր աչքերի՜դ»...

Նախշունը մի անսահման հաճույք էր զգում իր սիրուց։ Նրա մասին գյուղի մեջ տարածված ասուտեսը մազի չափ չէր պաղեցնում այն կրակը, որով բորբոքվել էր նրա սիրտը, ընդհակառակն՝ ինչպես կասեն՝ կրակի վրա յուղ էր ավելացնում։ Նա արդեն ընկել էր իրանց սիրած առասպելական հերոսուհիների կարգը։ Ի՞նչ աղջիկ, ի՞նչ տղա կլինի, որ փախչի այդ փառք ու պատվից, թեկուզ սրա համար նրան նահատակելու