Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Այս էջը հաստատված է

ամենքին և ամենքն իրան ուրախացնում լինին։ Մեկ էլ տեսնում ես՝ ահա թռչկոտելով, ոստոստելով գալիս են տեսակ-տեսակ մանր ու խոշոր, աննախշ ու նախշուն, զոլ-զոլ ու պուտպուտուրիկ թռչնիկներ։ Եվ ինչքա՜ն ուրախ, ինչքան զվարթ, մի րոպե չեն դադարում, մի գլուխ երգում են։ Մեկ ասող լինի, դուք ի՞նչ եք իմացել, ինչի՞ վրա եք ուրախանում այդքան։ Ոչինչ, ինքը բնությունն ուրախ է, ուրախ են բոլոր արարածները, որոնք բնության մասն են կազմում։ Այսպես են և բնության ծոցում, նրա միակ ազդեցության տակ ապրող մարդիկը։ «Ելանեն՝ լեռնանան և իջանեն՝ դաշտանան», ասել է նրանց համար աստվածային երգիչը։ Ձմեռը ձյունի տակ, ամառը՝ արևի, գարնան հետ կանաչում են, աշունքվա հետ դեղնում, և այսպես աճում են և աճում միայն իրանց տնկած ծառի, իրանց պահած տավարի նման։

Ահա մեր Մարկոսն էլ է ուրախ, բայց ոչ ավելի, քան մի որևէ ծիծեռնակ, որ պատրաստվում է իր ապագա ձագերի համար բույն շինել։ Մարկոսը նստել է իրանց տանիքի վրա դարսած ցախի վրա, ուր սովորաբար թառ են լինում ճնճղուկները, բայց ճնճղուկից ավելի խելք ու միտք ունենալով, խոր մտածության մեջ է ընկել և իր մտքումը մի կորցրած բանի է ման գալիս, որ գտնի, չնայած, որ ոչինչ չէր կորցրել։ Նրան այնպես էր թվում, թե կորցրել է, երազում դանակ գտած երեխայի նման, որ երբ առավոտը զարթնում է և տեսնում է դանակ չկա, լաց է լինում և իր դանակը պահանջում։ Բայց Մարկոսի պահանջը արդարացի է։ Նա ինչ որ տեսավ, երազումը չէր, թեև իրան այսպես է թվում, որ երազումն էր, որովհետև չի հավատում, որ օրը կեսօրին, արթուն զվարթուն ժամանակ՝ կարող էր պատահել այն, ինչ որ պատահեցավ։ Նա մի բան ունեցավ և շատ լավ բան, աննման և անմահական մի բան և հիմա էլ չունի, և կարող է ունենալ։ Ունենալու այս կարելիությունը նրան ավելի է զմայլեցնում, քան բուն իսկ ունենալը։ Երեխային որ մի կարմիր խնձոր ես տալիս (խոսքս մշտահագ երեխայի մասին չէ, այլ կարոտ, հասրաթ), նա իսկույն ևեթ չի կծում, չի ուտում, այլ դեռ երկար ժամանակ զմայլվում է նրանով, համբուրում, հոտ քաշում, զվարճանում, մերթ ծոցումը և մերթ ջիբումը դնում, շատ անգամ օրերով