Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Այս էջը հաստատված է

պահում է, նայած թե ինչպիսի երեխա է, իդեալիստ, որ գիտե գուրգուրել, թե՞ մատերիալիստ, որ ճանկածն իսկույն բերանն է կոխում...

Այսպես քաղցր է և զմայլելի սիրելուց ստացած մի փունջ մանիշակը, մի թերթ ռեհանը, մի կոկոն վարդը, մի կարմիր խնձորը, մի դեղին շամամը... բոլորը, բոլորը հոտ քաշելու, զվարճանալու և երկար պահելու բաներ են...

Տե՜ր աստված, ինչե՜ր ես դրել մարդու հոգումը քո մի եռատառ բառովդ, որ է՝ Սեր...

Դի՛փ սուտ է, դիփ, դիփ, բացի սիրուց։ Պիտի հարցնեք, թե ի՞նչն է սուտ։ Բայց այդ ձեր կողմից կլինի՝ առնվազն՝ ավելորդ հետաքրքրություն։

Մարկոսը՝ ինչպես ասացինք՝ ցախերի վրա նստած՝ նայում էր չորս կողմը և բնության հետ ուրախ տրամադրություն ստանում։

Մարդուս միտքը՝ թեկուզ գիտության խորերն ընկած չլինի, կարող չէ մի վայրկյան կանգ առնել։ Ինչպես զարկերակը անընդհատ շարունակում է իր զարկերը, ինչպես թոքերը շարունակ շունչ են առնում ու շունչ տալիս, ինչպես ստամոքսը անընդհատ շարունակում է իր գործողությունը, այսպես էլ մարդուս միտքը գիշեր թե ցերեկ, քնած թե արթուն, շարունակում է իր մտմտուքները։ Միայն քնած ժամանակը չէ, որ մարդ երազի մեջ է լինում շարունակ և անընդհատ, այլ նույնիսկ ցերեկն էլ, արթուն զվարթուն ժամանակ՝ մաարդուս միտքը մեծ մասամբ երազների ու ցնորքների մեջ է ընկղմած։ Ի՞նչ հարստություն ասես, որ ձեռք չի բերում, ի՞նչ քաջագործություն ասես, որ չի անում, ի՞նչ նեղությունների մեջ ասես, որ չի ընկնում, և այսպես շարունակ։ Իհարկե մեկում շատ է ցնորելու հակումը և թունդ, մյուսը՝ նվազ և թույլ, նայած թե ո՛վ ինչպիսի երևակայության տեր է՝ վառ, թե՞ հանգած։

Եվ ի՞նչ է երազում արդյոք մեր Մարկոսը։ Նա երազում է, որ Նախշունն իրանն է, իր սեփականը, իր սրտի հատորը, որ իր հոգին նրա մեջ է մտել։ Տեղափոխված հոգիներից ամեն մեկը հայտնում էր մյուսին իր տիրոջ սրտի խորհուրդները։ Եվ ինչե՜ր ասես, որ Նախշունի հոգին չէր փսփսում Մարկոսի ականջին։ Եվ մեր Մարկոսը տիկնիկի հետ խաղացող երեխայի