Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Այս էջը հաստատված է

նման՝ իր մտքումը խաղում էր Նախշունի հետ և ասում, խոսում, խնդում, ծիծաղում։ Քիչ մոտիկից եթե մեկը նայեր վրան, կասեր՝ այս ի՞նչ է պատահել սրան, ի՞նչ ծամածռություններ է անում լուռ ու մունջ, ինչի՞ վրա է ժպտում, ունքերը կիտում, գլուխը ժաժ ու մաժ տալիս, ոտները խաղացնում...


7

Մարկոսի մորաքույրը՝ Գյուլնազ աքիրը ձվածեղ շինեց և կանչեց Մարկոսին, որ գա հաց ուտի։ Մարկոսը վայր եկավ ցախերից, որ նրա համար յոթներորդ երկինքն էր, ներս գնաց և կես-ուրախ, կես-տխուր հացի նստեց։

— Քոռանա՜մ ես ու կուրանա՜մ,— ասաց մորաքույրը,— այս քանի օր է մի հալալ հաց չես կերել, մաշվել ես, ի՜նչ դառել... Կե՛ր, մատա՛ղդ գնամ, կե՛ր։ Սպասիր մի քիչ մեղր ածեմ վրան։— Ասաց մորաքույրը և գնաց բղուղից մի գդալով մեղր բերավ ածեց ձվածեղի վրա։

— Բա դու ինչի՞ չես ուտում, մո՛քիր,— ասաց Մարկոսը,— նստի՛ր, դու էլ կեր։

— Ես քա՜ր ուտեմ, քացա՜խ ուտեմ... Իսկի բողազովս բան է կուլ գնո՞ւմ... դե որ ասում ես, մի պատառ էլ ես վեր կառնեմ, որ քո ախորժակդ բացվի։ Կե՛ր, մատա՜ղդ գնամ, կե՛ր...

— Մոքի՜ր...

— Ի՞նչ է, մա՛տաղ։

— Մի բան եմ ուզում ասե՜լ...

— Ասա, մատա՛ղ։

— Ասե՜մ...

— Ասա՛, հոգի՛ս, ինչի՞ չես ասիլ։

— Մեր կովը կթել ե՞ս այսօր։

— Ա՛յ սատանա՛, խոսքդ կտուրն ես գցում․․․ կշտիս կանգնած չէի՞ր, որ կովը կթեցի։ Ի՞նչ ես ուզում ասել, ա՛յն ասա։

— Չեղավ, չկարացի սուտ ասեմ։ Ուղիղն ասե՞մ, մոքիր։

— Ասա՛, հոգիս, ինձանից ինչ ունե՛ս թաքցնելու։

— Ինչո՞ւ դու էլ ոչինչ չես ասում, մոքի՛ր։