Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Այս էջը հաստատված է

11

Անցավ քառասունքը, լրացավ երեխայի ծննդյան քառասուն օրը։ Նախշունը գրկեց երեխան և գնաց ժամ։ Հետն էր և Մարկոսը։ Ծերունին դիմավորեց նրանց եկեղեցու շեմքումը, առավ երեխային իր կռների վրա և մոտեցավ սեղանին։ Սովորականից ավելի աղոթքներ մրմնջաց ծերունին, ո՛վ գիտե Նարեկի ո՛ր կանոնը կամ գուցե Սիմեոն Ծերունու պես ասում էր՝ «Արդ արձակեա՝ զծառայս քո»… և այս հավանական է, ինչպես հետո կտեսնենք։

Երկար աղոթք անելուց հետո, համբուրեց սեղանը, իբր երեխայի փոխանակ, և ապա դառնալով մորը՝ մանուկը հանձնեց նրան և մի պահպանիչով օրհնեց թե՛ երեխային և թե՛ նրա ծնողացը։

Այս արարողությունից հետո նա Մարկոսի ձեռքը տվավ մի քսակ և ասաց.

— Ես այս քսակը երեխային եմ ընծայում. ինչ որ սրանում կա, մինչև յոթը տարի բավական է քո տղային։ Երեք օր դարձյալ վանքի հյուրն եք, իսկ երեք օրից հետո՝ տեր ընդ ձեզ, կերթաք ձեր տուն։


12

Նույն օրը, երեկոյան ժամի ժամանակ կոչնակնին զարկեցին, հավաքվեցին բոլոր վանքեցիք, որոնց մեջ չկար ո՛չ մի վարդապետ, այլ ո՛րը կով կթող էր, ո՛րը տավարած, ո՛րը տնտես, ո՛րն ուխտավոր և ո՛րն էլ ժամվոր՝ մոտակա գյուղից եկած։

Վանքը միաբանություն չուներ։ Վանական խստակյաց կյանքը նորերը չէին կարողանում տանել և սկսել էին արդեն անկարգ կյանք վարել։ Հները շատ ընդդեմ էին նորերի անկարգությանը, և մեր ծերունի վանահայրը ամենից շատ էր ատում անարժանությամբ իրանց անձը վանական կյանքին նվիրողներին։ Այս պատճառով սրա մոտ ջահել միաբանները չէին կարողանում դիմանալ, և փախչում, գնում էին այն վանքերը,